Поиск

ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՍԵԼ Է՝ ՊԵՏՔ Է ԴՆԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ՊԵՏՔ Է ԴՆԵՆՔ


Չնայած այս օրերին մամուլն ու սոցիալական ցանցերը լի են ծնողների, ուսուցիչների դժգոհություններով՝ պայմանավորված ԿԳՄՍ նախարարության կազմած ուղեցույցով, բայց, այդքանով հանդերձ, շատ դպրոցների տնօրեններ կա՛մ ականջալուր չեն այդ բողոքներին, կա՛մ պարզապես լռությունը համարում են հարցի լուծում։ Մարզային մի շարք դպրոցների տնօրենների հետ հարցուպատասխանը՝ նոր ուստարվա գործընթացների կազմակերպման շուրջ, հիշեցրեց հին Հայաստանի բարքերը, երբ դպրոցների տնօրենները վախենում էին որեւէ կարծիք արտահայտել՝ պատժվելու հեռանկարից դրդված։


Արարատի 3-րդ հիմնական դպրոցի տնօրեն Նելլի Մանուկյանն ասում է՝ քանի որ փոքր դպրոց են (356 աշակերտ), ուստի ոչ մի խնդիր չունեն, դասարանները կիսել են եւ դրանով բոլոր հարցերը լուծել. «Միակ խնդիրը դասարանները կիսելու հարցն էր, դա էլ կարգավորեցինք, հիմա ոչ մի խնդիր չունենք»։ Դասասենյակների պահանջված մակերեսների հետ կապված՝ ոչ մի խնդրի առաջ չեն կանգնել, քանի որ դասարանները կիսել են։ Ինչ վերաբերում է ախտահանման միջոցներին, ապա «բոլորն ունենք, այս ամիսներին խնայողություններ ենք արել, կառավարության նիստով էլ հաստատվել է, որ տրամադրելու են միջոցներ, նախնական դասերը սկսելու համար արդեն ամեն ինչ ձեռք ենք բերել»։

Թե որքանով է իրատեսական եւ իրագործելի՝ երեխաներից պահանջել 4-5 ժամ շարունակ դիմակը չհանել, դուրս չգալ դասասենյակից, ապա․ «Դե հիմա, ամենակարեւորն այսօր առողջությունն է․․․»։ Եթե տարրական դասարաններում դիմակների հետ կապված խնդիրների բախվեն, ի՞նչ լուծում են տալու։ «Չեմ մտածում, որ կբախվենք նման խնդիրների․․․ ինչի՞ պիտի բախվենք․ եթե գիտակից ծնողներ են, բոլորը մտնում են իրավիճակի մեջ, պատկերացնում են լրջությունը՝ չեմ կարծում․․․»։           

Այգեշատի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Հովսեփյանն ասում է, որ ոչ մի խնդիր չունեն։ «Նախարարն ինչպես հրաման է տվել, այդպես էլ առաջնորդվում ենք,- ընդգծում է նա ու եւս մեկ անգամ շեշտում։- Պատկերացրեք, որ բացարձակ խնդիր չունենք, որովհետեւ դպրոցը լիարժեք վերանորոգված է, դասասենյակները չափից դուրս մեծ են, ու ամեն ինչ նորմալ է»։

Ինչ վերաբերում է դիմակները կրելու պահանջին․ «Մենք նման խնդիր չունենք, բացարձակ ոչ մի խնդիր՝ դիմակների հետ կապված, ինչպես ասացի, եթե նախարարն ասել է՝ պետք է դնենք, ուրեմն պետք է դնենք, մարդիկ հասկանում են, որ դա է, իրենց առողջության համար է։ Նման խնդիրներ չունեմ դպրոցում»։ Գուցե ուսումնական տարին սկսելուց հետո՞ երեւա՝ խնդիրներ ունեն, թե ոչ։ «Հա, ժամանակը ցույց կտա, բայց էդպիսի անհանգստություն չկա»։ Այս օրերին դպրոցներից շատերը լուծում են համարում դիմավահանները, որը հատկապես ուսուցիչների դեպքում չի խանգարի աշակերտների հետ վերբալ կոնտակտին։ Ն․ Հովսեփյանը նշեց․ «Ոնց իրենք ճիշտ են գտնում, ես դիմակներն առել եմ, ապահովել եմ եւ նման խնդիր չունեմ»։    

Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանն ասում է, որ ձեռք են բերել անհրաժեշտ բոլոր ախտահանիչ նյութերը։

Դպրոցն ունի մոտ 1280 աշակերտ, աշխատելու է 2 հերթափոխով, դասերը սկսվելու են առավոտյան 8։30-ին, առաջին հերթով կգա տարրական դպրոցը՝ մոտ 580 աշակերտ, 580-ն էլ իր հերթին է կիսվել՝ կենտ եւ զույգ օրերի միջեւ։ Դասասենյակներում աշակերտական սեղանները ըստ նախարարության ուղեցույցի են դասավորել։ 2-րդ հերթով էլ գալու են 5-9-րդ դասարանցիները․ «Դասասենյակների մակերեսների դեպքում խնդիր կունենայինք, եթե 2 հերթափոխով չաշխատեինք, բայց 2 հերթափոխով աշխատելն արդեն լուծում է այդ խնդիրը»։

Մեկ շաբաթվա կտրվածքով 1280 աշակերտի համար դպրոցն ախտահանիչ նյութերի դիմաց վճարել է 250-300 հազար դրամ։ Թե դեռ քանի շաբաթ կբավականացնի իրենց բյուջեն այդ գնումներն անելու համար, տնօրենն ասում է, որ հոդվածային փոփոխություններ անելու հաշվին կկարողանան այդ հարցերը լուծել։ «Այս պահին ես նախատեսել էի 2 սանհանգույց վերանորոգել, բայց, ելնելով այս պայմաններից, ընդհատեցի այդ աշխատանքը, եւ այդ գումարները կուղղենք այս գործընթացին»,-ասում է նա ու նշում, որ այդ կարիքները հոգալու համար ամսվա կտրվածքով նվազագույնը 500 հազար դրամ կպահանջվի։  

Գ․ Գասպարյանը ճիշտ չի համարում դիմակի հարցը շարունակ այդքան բարձրաձայնելն ու դպրոց տեղափոխելը, որովհետեւ «արդեն 6 ամիս է՝ այն պարտադիր է, իսկ տարրական դասարանի աշակերտների համար, մինչեւ գործը հասնի դիմակը փոխելուն, արդեն կգնան տուն»։ Թե ինչպես են գյուղերի փողոցներում իրար հետ խաղացող երեխաներին ուսուցիչները համոզելու դիմակ կրել, տնօրենն ասում է, որ բացատրական աշխատանքներ են տանելու։ «Պետք է գիտակցեն, որ դա իրենց անհրաժեշտ է, թե չէ բռնություն՝ կրել-չկրելու հետ կապված, բնականաբար, տեղի չի ունենա»,- ասում է նա ու հավելում, որ ուսուցիչները սիրով լծված են կազմակերպչական գործին, ծնողներից էլ դեռ ոչ մի դժգոհություն  չունեն։