Поиск

Ինչպե՞ս են կացության կարգավիճակ ստանում Լիբանանից եկող քաղաքացիները

Օտարերկրացիները Հայաստանում իրենց կացությունը օրինականացնելու համար պետք է դիմեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար։ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է կացության կարգավիճակ ստանալու կարգը։

«Կացության կարգավիճակները երեքն են՝ ժամանակավոր, որը տրվում է մեկ տարի ժամկետով և մի քանի անգամ մեկ տարի ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Կացության մշտական կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով և ունի երկարաձգման հնարավորություն։ Եվ ունենք հատուկ կարգավիճակ, որը տրվում է տասը տարի ժամկետով և ունի երկարաձգման հնարավորություն»,- ներկայացվում է ոստիկանության տարածած տեսանյութում։

Նշվում է, որ կացության ժամանակավոր կարգավիճակ կարող է տրվել ՀՀ-ում մեկ տարի և ավելի ժամկետով բնակվելը հիմնավորող հետևյալ հանգամանքների առկայության դեպքում՝ լինել ազգությամբ հայ, ՀՀ-ում ժամանակավոր կացություն ունեցող օտարերկրացու ամուսին, զավակ կամ ծնող լինելը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսին կամ մերձավոր ազգական լինելը։ Նշված հիմքերով կացության կարգավիճակը տրվում է մեկ տարի ժամկետով։ Պետական տուրքը կազմում է 105 հազար դրամ։