Поиск

Հերթական անգամ Գորիսի քաղաքապետին մեղադրում են քաղաքացու ծեծի ենթարկելու մեջ



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Գորիս քաղաքի բնակչուհի, 61-ամյա Կարինե Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել իր որդուն՝ 32-ամյա Արթուր Գյուրջյանին, ում պատճառվել է մարմնական վնասվածք:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետի կողմից ծեծի պատճառը եղել է Գորիս քաղաքի Մարքսի փողոցում ավտոմեքենան վարելու շուրջ ծագած վիճաբանությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, որտեղից էլ հետաքննություն և նյութեր նախապատրաստելու համար այն փոխանցվել է ոստիկանության Գորիսի բաժին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՖԲ ուղիղ եթերում հերքում էր իրեն հասցեագրված մեղադրանքները և մատնանաշում իր դեմ «կազմակերպված զրպարտությունների հեղինակին՝ «Լիսկային»»։