Поиск

ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ԽՆԴԻՐ ԷԼ ՈՒՆԵՆՔ, ՈՉ ԹԵ ԻՆՉ-ՈՐ ԽՈՒՃՈՒՃ ՀԱԿԱՀԱՔԵՐԱՅԻՆ ԲԱՆԵՐ ԵՆ․ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Հայաստանում մեդիագրագիտությունը դեռևս շարունակում է կարևորագույն խնդիրներից մեկը մնալ։ Խոսքը հիմնականում վերաբերում է հասարակության այն շրջանակներին, որոնք չեն տիրապետում մեդիագրագիտության գործիքակազմին։ Ադրբեջանցի հաքերներին հաջողվում է կոտրել սոցիալական ցանցերի օգտահաշիվներ, խմբեր, էջեր և իրենց անունից տարատեսակ խուճապ առաջացնող տեղեկություններ, կեղծ լուրեր տարածել։ 

Բացի այդ, հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն էր տարածել, որ վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին ու դրանց միջոցով նկարահանված տեսանյութերը հրապարակել «ՅուԹյուբ» (YouTube) տեսահոսթինգում։


Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, ճարտարագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, օրերս անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները «Յութուբ»-ում տեսանյութեր են հրապարակում, որոնցում կան Հայաստանում նկարահանված տեսարաններ։ Հիմա այդ առումով ի՞նչ աշխատանքներ են տարվում, և ինչպե՞ս են կարող քաղաքացիները զգուշանալ, որ խնդրի առջև չկանգնեն։

-Տեսեք, այստեղ մի քանի տարբեր խնդիրներ են։ Այսինքն՝ դա այն է, որ ադրբեջանցիները փորձում են տարբեր տիպի տեսանյութեր ստանալ կամ ձայնային հաղորդագրություններ, որ հետո ներկայացնեն, օրինակ, որ իրենք մտել են այստեղ, մտել են այնտեղ։ Այսինքն՝ պատվիրում են հայաստանցիներին ինչ-որ երրորդ երկրի կեղծ անձանց անունից, օրինակ՝ «խնդրում ենք տեսագրություն անել այսինչ տեղը, այսինչ տեղը նկարել և ուղարկել մեզ», ու գումար են տալիս։ Մարդիկ շատ դեպքերում տեղյակ էլ չեն, թե ինչի համար են անում։ Մյուսն այն է, որ արդեն այդ միջոցներով փորձում են հետախուզական տեղեկատվություն ստանալ, օրինակ՝ մարդկանց քանակը փողոցներում և այլն, և այլն։ Նույնը կարող են անել տեսախցիկների միջոցով, որոնք կոտրում են ու բավականին մեծ քանակի։ Այստեղ խնդիրը, սակայն, տեղադրողների մեջ է, որովհետև սովորական տեսախցիկը, որ տեղադրում ես, ունի գործարանային գաղտնաբառ, որը սովորաբար լինում է օրինակ «admin admin», ինչ-որ ստանդարտ մի բան։ Բայց շատերը այդպես էլ թողնում են, այսինքն՝ չեն փոխում, մարդիկ էլ կան, որ տեղյակ էլ չեն, որ պետք է փոխեն և այլն։ Եվ ադրբեջանցիները դրանից են օգտվում, այսինքն՝ պարզապես որոնում են տեսախցիկները, որոնց վրա գաղտնաբառը գործարանայինն է մնացել, ու հանգիստ մտնում են։ Այսինքն՝ այս դեպքում ինչ-որ հաքերական գործողություն էլ չէ։

-Ինչպե՞ս են կարողանում որոնել ու գտնել, ինչպե՞ս են հասկանում, թե ինչ տեսախցիկ է։

-Ինչպես «Գուգլը» կա, որում փնտրելով կարող եք գտնել հայկական լրատվամիջոցները, կա այդպիսի որոնողական համակարգ, որը որոնում է սարքերը, որոնք կապակցված են ինտերնետին։ Դուք կարող եք որոնել բանկոմատներ, տեսախցիկներ, ինչ ասես։ Ու շատ խորացված որոնում է հնարավոր անել, այսինքն՝ որոնել տեսախցիկներ, որոնք Հայաստանում են, որոնք արտադրել է այսինչ ֆիրման, ու, օրինակ՝ որի վրա արդեն կարելի է գաղտնաբառերը ստուգել։          

-Նշեցիք, որ գործարանային ծածկագիրը, օրինակ, «admin admin» է լինում, եթե փոխեն, էլ խնդրի առջև չե՞ն կանգնի։

-Այո, այո։ Շատ պրիմիտիվ պաշտպանություն ձև է, ուղղակի պետք է իմանաս, որ այդպես է։  

-Այսինքն՝ կոտրելու այլ տարբերակ չկա՞, ծածկագիրը փոխելուց հետո, թե՞ արդեն էլ հնարավոր չէ։

-Այդ դեպքում արդեն բարդ է։ Այսինքն՝ ինչը որ հիմա ադրբեջանցիները անում են, հեշտ ձևն է։ Իհարկե, կան որոշ բարդեցված հաքերային գործողություններ և այլն, և այլն։ Բայց մենք դրա հետ գործ չունենք։  

-Իսկ կիբերանվտանգության ուրիշ ի՞նչ խնդիրներ կան։  

-Ամենամեծ խնդիրն այսօրվա դրությամբ այն մարդիկ են, որոնց հաշիվները նորմալ չեն պաշտպանվում, հետո ադրբեջանցիները գողանում են ու նրանց անունից սկսում են ապատեղեկատվություն տարածել։  

-Նշեցիք տեսախցիկների դեպքը, երրորդ երկրների կեղծ անձանց անունից նկարահանելու առաջարկը, հաշիվների կոտրումը, բացի այս երեքից, ուրիշ ի՞նչ միջոցների են դիմում ադրբեջանցիները, որի մասին պետք է մեր քաղաքացիներն իմանան, որ արդեն պատրաստ լինեն։ 

-Տեսեք, հիմնականում այս պահին ինչ-որ սպեցիֆիկ կիբերհարձակումներ չեն, այլ ավելի շուտ հոգեբանական դաշտում օգտագործվող տարբեր խաբեություններն են։ Հիմնականում ապատեղեկատվություններն են, որոնք տարածվում են կոտրված հաշիվների միջոցով։ 

-«Ֆեյսբո՞ւք», «Ինստագրա՞մ»։

-«Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Յութուբ» և այլն։ Իհարկե, իրենք էլ ինչ-որ կեղծիքներ սարքում են, բայց դե հասկանո՞ւմ եք, չէ՞, որ կեղծիք սարքելը, փայփայելը, աճեցնելն ավելի բարդ է, քան մեկի հաշիվը կոտրես ու իր արդեն եղած էջը՝ մի քանի հազար, մի քանի տասնյակ հազար «լայքով», օգտագործես։ Ցավոք սրտի, շատ են, էջերի շատ ադմիններ կան, որ անփույթ են, ու դրա պատճառով մենք ունենք տասնյակ ադրբեջանական էջեր։ Ու ողբալին այն է, որ մարդիկ կարդում, հավատում են, տակը քոմենթում են և այլն։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ մեզ մոտ կիբերանվտանգություն լինի, թե ընդհանուր տեղեկատվական անվտանգություն լինի, սա գալիս է նրանից, որ գրագիտության պակասի խնդիր էլ ունենք, ոչ թե ինչ-որ խուճուճ հակահաքերային բաներ են։ Կան նաև ավելի խորացված խնդիրներ, որոնք կոնկրետ քաղաքացիների հետ կապ չունեն, այսինքն՝ լրատվականների վրա անընդհատ հարձակումներ կան, գիտեք, ինձ թվում է՝ ձեր վրա էլ է գալիս, բայց սա արդեն, այսպես ասած, հասարակ քաղաքացու գործ չէ պաշտպանվելը։ Այնպես որ, այս պահին սրանք են։ Ու հիմնականում այդ կիբերհարձակումներն ընդհանուր առմամբ օգտագործվում են որպես տեղեկատվական պատերազմի օժանդակ միջոց։

©2020 Լուր ԱյսՕր.