Поиск

Մինչև վերջ չգնալու այլընտրանք որևիցե մեկը այսօր քաղաքական դաշտում չունի. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ի....

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» իր հեղինակած նախագծին, ասաց, որ սա կարող է կարգավորել ներկայումս դաշտում առկա խնդիրը:

«Օգտատերը կամ որևէ քաղաքացի որևէ հայտնի մարդու հետ կապված վիրավորանք հնչեցնելուց առաջ երկու-երեք անգամ ավելի շատ կմտածի կամ զրպարտություն հնչեցնելուց առաջ երկու-երեք անգամ ավելի շատ կմտածի։ Մի կարևոր բան նորից եմ ուզում շեշտել, դա վերաբերում է նաև քաղաքական գործիչներին, յուրաքանչյուր մարդու է վերաբերում, և ես, օրինակ, իմ  գործընկերոջը ինչ-որ բանում մեղադրելուց առաջ նույնպես պետք է զգույշ լինեմ, որովհետև հնարավոր է՝ պատասխանատվություն վրա հասնի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սիմոնյանի առաջարկած նախագծով նախատեսվում է ավելացնել վիրավորելու և զրպարտելու դեպքում նախատեսվող պատժաչափը։

Ինչպես նշեց Ալեն Սիմոնյանը, վիրավորանքի համար նախկինում նախատեսվում էր 1 միլիոն դրամ, իր առաջարկով 5 միլիոն է դառնում, իսկ զրպարտության պարագայում նախկին 2 միլիոնը բարձրանում է՝ դառնալով մինչև 10 միլիոն դրամ։ «Սա նախնական առաջարկ է: Կառավարությունը իր հերթին առաջարկում է 2 միլիոն և 3 միլիոն բարձրացնել, որը որպես  առաջարկ ես կարծում եմ՝ պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը պետք է ավելի լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ «Լուսավոր Հայաստան»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, ինչպես նաև «Իմ քայլի» պատգամավորների կողմից լսել կարծիքներ»,- ընդգծեց նա։

Արձագանքելով դիտարկմանը, որ նախագիծը խորքային լուծում չի տա՝ Սիմոնյանը նշեց, որ նույն պնդումը կարելի է անել յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ։ «Ես՝ որպես մարդ, որը ունի 6 դատական հայց՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ ձեզ՝ շատ ավելի կզսպվի մարդկանց գայթակղությունը, որպեսզի նրանք ստահոդ տեղեկություններ չտարածեն, չվիրավորեն, ինչպես նաև կազատի մեր հարգարժան քաղաքացիներին այդ աղբից, որը այսօր լցված է համացանցում։ Կարծում եմ՝ քայլը անհրաժեշտ է, ինչ-որ չափով՝ ուշացած»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Ի դեպ, այս նախագիծը չի վերաբերում կեղծ (ֆեյք) էջերին:

Կար նաև կարծիք, որ նոր նախագծով շատ է մեծացել նախատեսվող գումարի չափը։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ գումարը կարող է զսպել։ «Բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն աշխատանքի, աշխատավարձով աշխատողների, տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, և կարծում եմ, որ նախագիծը իրենց կզսպի և հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի»,- վստահություն հայտնեց Սիմոնյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ հանրահավաքներ անցկացնելու մասին հայտարարությանը և ԲՀԿ-ական Արման Աբովյանի հայտարարությանն այն մասին, որ մինչև վերջ գնալու են՝ Սիմոնյանը նկատեց․ «Իսկ ո՞ւր են գնալու մինչև վերջ։ Թող մինչև վերջ գնան, ես կարող եմ ասել՝ միայն ուրախ կլինեմ, որ իրենք մինչև վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե ի վերջո քաղաքական դաշտում ինչ կատարվեց, և վստահ եմ՝ նաև քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա։ Իսկ մինչև վերջ չգնալու այլընտրանք որևիցե մեկը այսօր քաղաքական դաշտում չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում ու չի գնալու, ուստի այդ շահարկումը՝ մենք մինչև վերջ ենք գնալու և մեզ կանգնեցնել չի լինի... իրենց ոչ ոք չի էլ ուզում կանգնեցնել»։