Поиск

Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը բանակցային գործընթացի նոր փուլի մեկնարկի...


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործնական քայլեր են անում՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը: «Համանախագահների տարածած հայտարարությունը բանակցային գործընթացի նոր փուլի մեկնարկի ազդարարումն էր: Նրանք արձանագրեցին, որ խորապես վերլուծել են հուլիսյան դեպքերից հետո ստեղծված իրավիճակն ու զարգացումները, ծանոթացել են կողմերի բոլոր հայտարարություններին և գործողություններին, և այժմ փորձելու են կողմերին կրկին նստեցնել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա: Փորձագետի կարծիքով՝ հայտարարությունը երկու կարևոր ուղերձ ունի. «Առաջինը, որ հստակ նախապատրաստական աշխատանք է տարվում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի կողմից սահմանների մոնիտորինգային առաքելության վերսկսման ուղղությամբ: Եվ երկրորդը, որ բանակցային նոր փուլը պետք է վերաբերի «լուրջ սուբստանտիվ բանակցություններին՝ առանց նախապայմանների»»: «Եթե անդրադառնանք առաջինին, ապա մոնիտորինգային առաքելության դադարեցումը հուլիսյան դեպքերի եթե ոչ պատճառներից, ապա դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծող հանգամանքներից մեկն էր: Եվ տրամաբանական կլիներ, որ առաքելությունը հուլիսին անմիջապես վերականգնվեր, ոչ թե սեպտեմբերին նոր խոսեին դրա ուղղությամբ նախապատրաստական աշխատանք տանելու մասին»,- ասել է Կարապետյանը: Երկրորդ ուղերձը նա առավել խնդրահարույցն է համարում: «Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, որոնց վրա հուլիսյան իրադարձություններից հետո սկսեց պնդել հայկական կողմը: Դրա փոխարեն միջնորդները պահանջում են անհապաղ սկսել լուրջ սուբստանտիվ բանակցություններ, որոնք ադրբեջանական կողմի մշտական պահանջն են»,- նշում է Աննա Կարապետյանը: «Տպավորություն է ստեղծվում, որ բանակցային օրակարգը չի ներառելու հրադադարի ամրապնդման քայլեր, միջնորդները չեն պնդելու նախկինում արդեն համաձայնեցված, բայց չիրականացված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորածությունների կյանքի կոչման վրա: Դրա փոխարեն շեշտը դրվելու է միայն բովանդակային հարցերի քննարկման վրա՝ այն էլ «սուբստանտիվ բանակցություններ» ձևակերպման ներքո, ինչը կարող է ենթադրել հարցերի առանձին քննարկում և համաձայնեցում և որևէ կերպ չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- հավելել է նա: Իսկ «առանց նախապայմանների» ձևակերպումը, փորձագետի կարծիքով, վերաբերում է առաջին հերթին Ադրբեջանին՝ վերջին շրջանում իր ահագնացած ռազմատենչ և ապակառուցողական հռետորաբանությամբ: