Поиск

Միգուցե Գագիկ Ծառուկյանը միանա իմ այն նախաձեռնությանը, որ ԱԺ պատգամավորները պետք է հոգեբանական....



«Իմ ընկերները, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես սարսափելի ազնիվ եմ, նույնիսկ իմ անձի հանդեպ վտանգավոր ազնիվ: Ես որոշել եմ այդպես լինել Աժ-ում, որովհետև ինձ համար ԱԺ-ից հետո կյանք կա, ոնց որ կյանք կար ԱԺ-ից առաջ և հետևաբար էդպես է պետք այստեղ անցկացնել մեր աշխատանքը»,- իր ելույթի սկզբում ասաց Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ անցած տարի օրենքի նախագիծ էր փորձում շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էր՝ Ազգային ժողովի պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, այսինքն՝ իրավունք ստանան լինելու պատգամավոր: «Ինչի հետ է դա կապված, ես կարծում եմ, որ եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում դատախազին, որ անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ ԱԺ պատգամավորը ինքը նախ անցած լինի այդ կրիտերիաներով, հետո իրավունք ունենա ընտրելու, օրինակ, դատախազին»,- հայտարարեց նա:


Պողոսյանը նշեց՝ զարմանալիորեն այդ ժամանակ իր նախաձեռնությանը շատ վատ են արձագանքել ԲՀԿ խմբակցության պատգամվորները: «Ես զարմացա,  իմ ընկերները համոզեցին, որ այդտեղ խախտում կա ազատ ընտրության և որ պատգամավոր կարող է ցանկացած մարդ ընտրվել, ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը:

Քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է նման հայտարարություն արել, երևի մեկ տարվա ընթացքում ինչ-որ բան է փոխվել, մտածում եմ՝ կարող է Գագիկ Ծառուկյանը համաձայնվի միանալ իմ այդ նախաձեռնությանը և միասին այդ օրենսդրական նախաձեռնությունը բերենք և հասկանանք՝ արդյոք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենան ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակել, քվեարկել և հատատել, թե՞ չեն կարողանա»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծաուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Նշենք, որ սրան նախորդել էր ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշել էր, թե համաձայն է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որը երեկ ԱԺ նիստին ակնկարել էր Գագիկ Ծառուկյանի դատական գործի մասին:

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ»,-գրել է Փաշինյանը: