Поиск

Արայիկ Հարությունյանը քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի. Սփյուռքի նախկին նախարար


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախկին տեղակալ,  հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժիկ Սրապիոնյանը։

«Երկու տարվա ժամանակահատվածն այնքան փոքր ժամանակահատված չէ, որ մենք չիմանայինք՝ Կառավարությունից որեւէ մեկը չի գալու եւ չի պատասխանելու։ Այս խավարամիտ հերոսը որ կարծում է, թե իր Պաուլու Կոելյուից վերցրած միտքն արտասանելով շատ օրիգինալ է երեւում՝ խորապես սխալվում է։ Սա նշանակում է, որ իր կաբինետում եւ իր աթոռի հետեւում ինքն իրեն ավելի վստահ է զգում, քան դուրս գա եւ այն մարդկանց հետ զրուցի, որոնց համար ինքը ռեֆորմներ է նախատեսել։ Եթե այդ ռեֆորմներն ինձ համար են, ուրեմն նա պարտավոր է խոսել ինձ հետ, որովհետեւ ես Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհի քառակին եմ անցել։ Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում, ես հայտարարում եմ՝ չհասկացողների համար Հայաստանում 3 դպրոց կա, կարելի է գնալ այնտեղ վերապատրաստվելու»,- ասաց նա։

Սրապիոնյանը նաեւ նշեց, որ ունի երկու դպրոցական թոռներ, սակայն չի պատրաստվում այս տարի դպրոց ուղարկել. «Իմ թոռներն այս տարի դպրոց չեն գնալու, ես իմ թոռներից կապիկ չեմ կերտելու։ Ոչ ոք ավելի լավ քան Արայիկ Հարությունյանն է, չի պատկերացնում, թե դպրոցական այս հարյուրամյա անընդհատ կատարելագործվող համակարգն ինչպես կարելի է քանդել։ Ինքն այդ տեխնոլոգիային տիրապետում է եւ քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի»։

Հարցին՝ արդյոք նախարարը կփորձի՞ իր հետ զրուցել այդ հարցի վերաբերյալ, Սրապիոնյանն ասաց. «Ես ժամանակին ձգտել եմ նախարարի հետ զրուցել։ Ես հիմա նախարարի հետ զրույցի նույն սեղանի շուրջ չեմ նստի. դա ինձ համար վիրավորական է»։