Поиск

Օտարերկրյա գործակալ լինելու մեջ մեղադրվող Արման Բաբաջանյանի թիմակիցի ձեռքը պետական գաղտնի՞ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո գործող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանն ու իր թիմի անդամները շարունակում են իրենց ձեռքի տակ ունենալ պետական գաղտնիք պարունակող փաստատթղթեր։  Եթե չունեն, ապա կստացվի, որ ստում են իրենց հայտարարություններում, որոնց հղում անելով մանիպուլյացիոն հայտարարություններ են անում։

Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Այս գրառման արդյունքում երկու հարց է առաջանում։ Առաջին, թե որտեղից Բաբաջանյանի թիմակցին «Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն»։ Երկրորդ․ երբ է պատրաստվում ԱԱԾ-ն հայտարարության հեղինակին և նրա բարեկամին հրավիրել բացատրություն տալու։  Սա հանցագործության մասին հաղորդում է, որն անպայման պետք է ուսումնասիրվի, եթե իհարկե սա իշխանության պատվերով չի դաշտ նետվում։

Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրությունը հայտնվել է մի մարդու ձեռքին` ում ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների  ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է։  Այս արձանագրությունների արտահոսքի մասով ևս ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Եթե հաստատվի տեղեկատվությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլևս պետական գաղտնիք պահպանելու ունակ երկիր չէ ու պետության համար ամենակարևոր տեղեկությունները կարող են հայտնվել ցանկացած պատահական անցորդի ձեռքում, իսկ եթե չհաստատվի տեղեկատվությունը, ապա իշխանությունները պետք է կամք ունենան մեկ անգամ պատժելու կեղծիքների գեներատոր Արման Բաբաջանյանին, որն իր ներկայությամբ թունավորում է քաղաքական դաշտը։


©2020 Լուր ԱյսՕր.