Поиск

ՄԻ ՔԱՆԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱԴՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՈՒՄ



Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այսօր «Անհամբեր սպասում եմ Զոհրաբ Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին» վերտառությամբ գրառում էր արել․ «Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որևէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ: Չեն հանդիպել նաև երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երևույթ է: Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես ինչու վրացիների, ադրբեջանցիների, ղազախների և ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում: Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։ Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի և Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»։


Այս գրառումից շատ չանցած Կառավարության ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» արձագանքեց Սուրեն Սարգսյանի դիտարկումներին՝ հերքելով դրանք․ «Սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր գործող կառավարությունը միակն է Հայաստանի պատմության մեջ, որը ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ: «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ուսումնասիրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները՝ սկսած 2018-ից։ 2018-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փոշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Բոլթոնի այցից 1 ամիս առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում արարողակարգային հանդիպում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև։ Արդեն 2019 թվականի հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին»։

Մենք Սուրեն Սարգսյանին հարցրեցինք՝ ծանո՞թ է ՊՈԱԿ-ի հերքման տեքստին, նա արձանագրեց․ «Միացյալ նահանգների Սահմանադրությունը հստակ նշում է, որ կաբինետի անդամներ են քարտուղարները, այսինքն՝ մեր իրավական ակտերի լեզվով՝ նախարարները, և նրանց հավասարեցված տարբեր պաշտոնյաներ, ովքեր ստանում են cabinet member` կաբինետի անդամ կարգավիճակը, որում որևէ կերպ չի մտնում ԱՄՆ նախագահի խորհրդականը։ Եթե նա նույնիսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է։ Եվ կարծում եմ, որ տեղին չէ նաև արարողակարգային հանդիպումը,  մի քանի վայրկյանանոց կադրը ներկայացնել որպես Փաշինյան-Թրամփ հանդիպում»,-ասաց նա։