Поиск

Թող դադարեցնեն թալանը, կառուցեն սովորական ՀԷԿ-եր․ Ա․Քանանյանը՝ ԱՀ նախագահի հայտարարության մասին



Ոչ ոք դեմ չէ կանոնավոր հէկաշինությանը՝ որպես էներգահամակարգի զարգացման բաղադրիչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախում բնակվող  քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն՝ անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի նախագահի հայտարարությանը, թե նրանք, ովքեր  ՀԷԿ-երը փակելու հայտարարություններ են անում, մեր թշնամիներն են։

«Մենք խստիվ դեմ ենք ծայրահեղ կոռուպցիոն երևույթներով ուղեկցվող փոքր հէկաշինությանը, երբ տասնյակ կիլոմետրերով արցախյան գետերն ամբողջովին ներառվում են խողովակաշարերի մեջ, տեղի է ունենում ահռելի գոտիների անապատացում։ Արցախի գետահունների զգալի մասը չորանում է և այս ամենը շատ արագ ոչ միայն հանգեցնում է  բնապահպանական աղետի, այլև տեղի է ունենում ահռելի տարածքների՝ հատկապես Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների  համապարփակ զարգացման հեռանկարի տապալում»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ 2020թ․-ի հունվարի վերջին քաղաքագետը հացադուլ հայտարարեց՝ Քարվաճառում ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: 15 օր անց Ալեքսանդր Քանանյանը դադարեցրեց  հացադուլը, որովհետև ստեղծվեց  ներկայացուցչական հանձնաժողով, որը պետք է քններ  գործող ՀԷԿ-֊երի նախագծման և շահագործման համապատասխանությունն օրենսդրությանը  և  բնապահպանական չափորոշիչներին։

Արցախի նախագահը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել էր նաև, որ շարունակելու են ՀԷԿ-երի շինարարությունը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի հարստությունթը  նավթն է, իսկ մերը անտառն ու ջրերն են։

«Ադրբեջանն իր  նավթն օգտագործի ու զենք առնի, իսկ մենք էլ ասենք՝ չկա, ինչպե՞ս պետք է մարդկանց աշխատանքով ապահովենք»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Արձագանքելով այս հայտարարությանը, Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ «եթե ուզում են ժողովրդին պահել, ուրեմն թող չթալանեն»։ 

«Թող դադարեցնեն թալանը, թող կառուցեն կանոնավոր, սովորական ՀԷԿ-եր, փոքր ՀԷԿ-երի կասկադներ, բաց ամբարտակներով,  ջրավազաններով, այլ ոչ թե չորացնեն տասնյակ կիլոմետրերով գետահունները և գետը մեծ արագությամբ ուղարկեն Ադրբեջան, որպեսզի մեզ սահմանակից ադրբեջանական դաշտավայրերը կրկին ստանան ջուր,  կարողանան զարգացնել գյուղատնտեսությունը, բարձրացնեն բնակչության բարեկեցությունը, ինչն ուղղակիորեն  հարվածում է մեր ազգային անվտանգությանը»,- նշեց Ալեքսանդր Քանանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի կառավարությունը չի հետևում որևէ բնապահպանական կանոնի։ 

«Իմ բարձրացրած խնդրից  հետո ժամանակ առ ժամանակ որոշակի քանակի ջուր են թողնում։ Ես պնդում եմ, որ  առանց վերահսկողության ամբողջ ջրերը ներառվելու են կրկին խողովակաշարերի մեջ, որովհետև նրանք բացառապես գերշահույթի մասին են մտածում։ Նրանք չէին կարող քարը քարից շարժել, որովհետև դեռևս փետրվարին մենք Արցախի կառավարության հետ պայմանավորվածություն ունեցանք, որ ձևավորվելու է հանձնաժողով և ժամանակավորապես դադարեցվելու է հէկաշինությունը։ Օգտագործելով համավարակը, նրանք շրջափակել են հատկապես Քարվաճառի տարածքը և գողի հոգեբանությամբ առավելագույն  արագությամբ փորձել են ավարտին հասցնել կառուցման մեջ գտնվող խողողովակաշարերը, որպեսզի հայ հանրությանը կանգնեցնեն փաստի առաջ»,- ասաց նա։

Քաղաքագետը շետշում է, որ  ՀԷԿ-երը պետք է  ազգայնացվեն, իսկ այն փոքր ՀԷԿ-երը, որոնք առանձնապես վտանգավոր և անհանդուրժելի են բնապահպանական և այլ առումներով՝ ապամոնտաժվեն։

«Հետագայում դրանց տեղերում կառուցելու ենք այն՝ ինչ պետք է։ Եթե անտառների անխնա ոչնչացումը պետք է ժամանակավոր օգուտ բերի մի քանի օլիգարխի, այլ ոչ թե Արցախի բնակչությանը, ապա սա կրկին վկայում է Արայիկ Հարությունյանի՝ հակապետական, հանցավոր մտածողության մասին։ Արցախի մարզպետի պաշտոնը չի կարող փրկել նրան, նա քրեական պատասխանատվություն է կրելու Հայասատնում ՝ ազգային պետական իշխանության հաստատումից հետո»,- եզրափակեց քաղաքագետը։

©2020 Լուր ԱյսՕր.