Поиск

ԱՄԵՆ ՄԻ ՕՐԵՆՔԻ, ՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ


Մի քանի օր առաջ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը բարձրաձայնեց աշխարհազոր ստեղծելու գաղափարի մասին, որը դեռ պետք է մասնագիտական-միջգերատեսչական ու հասարակական քննարկումներ անցնի։ Ամեն ինչ դեռ առջեւում է, սակայն ՊՆ-ից վստահեցնում են՝ ազատ շրջանառության զենք չի նախատեսվում՝ զենքն ու սպառազինությունը քաղաքացիական բնակչությանը բաժանվելու է անմիջապես մարտական գործողությունների կոնկրետ սպառնալիքի կամ բուն մարտական գործողությունների դեպքում աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց, կոնկրետ բնակավայրում, կոնկրետ վարչական համայնքում։ Այս ինստիտուտի ներդրման համար առաջիկայում կընդունվեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնց մի մասը՝ գաղտնի։ ՊՆ-ից նաեւ վստահեցնում են՝ նախաձեռնությունը միտված է բնակչությանը հնարավոր մարտական գործողությունների ժամանակ նախապատրաստելուն, քանի որ ապրիլյանի ու տավուշյանի դեպքերը ցույց են տվել, որ կամավորները շատ դեպքերում ստեղծում են անկանոն միավորումներ, որոնք ավելի շատ խանգարում են, քան օգուտ են տալիս։ 


Գաղափարին դեմ հանրային դեմքերից այս պահին կարող ենք մեջբերել միայն Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի բացասական դիրքորոշումն աշխարհազորի գաղափարի նկատմամբ, որը նա օրերս արտահայտել էր «Ազատության» հետ հարցազրույցում։ Այն է․ «Աշխարհազոր․․․ էդ ինչ ա, պետություն, բանակ ունեցող Հայաստանը սա ստեղծում է, որ ի՞նչ անի, «Երկրապահը» հասարակական կազմակերպություն է, որը շատ ճիշտ է, ԵԿՄ-ն իր դերը խաղացել է, այն պետք է միշտ լինի, սթափ լինի, ուժեղ, պատրաստ, բայց չպետք է այն դառնա բյուջեից սնվող կառույց եւ դառնա 100 հազարանոց, ու ամեն գեղապետի տեղակալն էլ դառնա հրամանատար․․․ ի սեր Աստծո, եթե սա կոնցեպցիա է, թող ասեն, որ մենք գնում ենք ավելի արագ միլիտարիզացիայի․․․ իսկ հասարակության ուժերը միշտ էլ մոբիլիզացնելու հնարավորություն կա, եռամսյա հավաքներ եղել են, էդ ցուցակները կան, մոբիլիզացիոն ցուցակները կան՝ ով ում է կցված, ով որտեղ պետք է լինի, բայց մշտական կառույց, ինստիտուտ, որը կոչվում է «աշխարհազոր», ներող եղեք, դա մեր համար չէ։ Ախր, եթե հասել են էս ձեւի հարցերի․․․ մինչեւ էդ էնքան հարցեր կան, որ պետք է լուծվեն»։

Իսկ, ընդհանուր առմամբ, զինվորական գործին առնչվող ներկա, նախկին, պաշտոնաթող, գործող, կադրային զինվորական դպրոց անցած, թե կամավորական հիմունքներով արցախյան պատերազմին մասնակցած մեր զրուցակիցները կո՞ղմ են այդ գաղափարին։ Որոշները՝ փոքրիկ վերապահումներով, որ այս ինստիտուտի ներդրման կազմակերպչա-տեխնիկական մասը դրված լինի ճիշտ հիմքերի վրա։

ԵԿՄ վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ի պատասխան հարցին, թե պաշտպանո՞ւմ է այս գաղափարը, ասաց․ «Ադրբեջանը, որի ռելիեֆային զինակոչը մոտ 250 հազար է, հայտարարեց աշխարհազոր ստեղծելու մասին, մերոնք էլ են հայտարարում․․․ բալանսը պահելու համար, որ մենք էլ ենք պատրաստ ազգովի։ Ու, առհասարակ, մենք պետք է պատրաստ լինենք, կարեւոր չէ, թե Ադրբեջանն ինչ է անում, կարեւորը՝ մենք պատրաստ լինենք, որովհետեւ մեր հողը մենք մենակ այդպես կարող ենք պաշտպանել, ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Այնպես որ, ամեն մի օրենքի, որը հայրենիքը պաշտպանելու համար է ստեղծվում, ես կողմնակից եմ»։

Մանվել Եղիազարյանը խոսել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ ու ասում է․ «Ո՛չ գումար են ծախսում, ո՛չ նրանք զենքով են լինելու, զինկոմիսարիատներում է լինելու զենքը, ի՞նչն է վախեցնում կամ խանգարում․․․ ես չգիտեմ՝ գուցե մի բան կա, բայց այսօր, երբ Թուրքիան է մեջտեղում, որը բոլորի հետ կռվում է, բոլորի հետ պրոբլեմներ ստեղծում, մենք չգիտենք՝ վաղն ինչ կլինի»։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, ՀՅԴ ԳՄ անդամ Արտաշես Մխիթարյանը գաղափարը «2 ձեռքով» է պաշտպանում։ Ինչպես ասաց՝ լրիվությամբ, վաղուց պետք է արվեր։

Բայց չէ՞ որ Հայաստանն ունի կանոնավոր բանակ։ Ասաց՝ այո․ «Կա կանոնավոր բանակ, կա պահեստազոր, կա ազատ ռեսուրս, որը կցագրված չէ։ Եվ կա անհրաժեշտություն՝ զինված ուժերի կազմում ունենալ եւս մեկ միավորում։ Դա ԶՈՒ մի մասն է, եւ այն, որ աշխարհազորն առանձնացնում են, սխալ մոտեցում է, ճիշտ չէ։ Եվ աշխարհազորն էլ ենթարկվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, աշխարհազորի հրամանատարը լինելու է ԳՇ պետի տեղակալը։ Այնպես որ, նորից եմ ասում, բանակից պետք չէ առանձնացնել»։

Հիշեցնենք, որ աշխարհազորում կարող են լինել 18-70 տարեկան ՀՀ քաղաքացիներ։ Արտաշես Մխիթարյանը հայտարարեց՝ եթե ՊՆ-ն, ԳՇ-ն նման բան են նախաձեռնում, ամեն մի մտահոգ հայ քաղաքացի պետք է պատրաստակամություն հայտնի եւ միանա աշխարհազորին։  Հայաստանի եւ Արցախի պետական եւ ռազմական գործիչ, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Արթուր Աղաբեկյանն ասում է․ «Ամեն դեպքում, արդարացված որոշում է։ Եթե, իհարկե, ճիշտ համագործակցեն, որովհետեւ եթե ճիշտ չէ, աշխահազորը, կամավորականները ճիշտ մոբիլիզացիոն ռեսուրս չեն դառնում, ավելի շատ խանգարում են»։ Բայց աշխարհազորն առայսօր գործել է ենթաօրենսդրական ու օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում, ու այս անգամ, մեր զրուցակցի խոսքով, շատ կարեւոր է, որ հայրենիքը պաշտպանելու համար քաղաքացիական անձանց ցանկությունը տեղափոխվի օրենքի դաշտ։ Արթուր Աղաբեկյանը մի քանի օր առաջ զրույց է ունեցել ՊՆ մասնագետների հետ եւ կարծում է, որ ճիշտ ճանապարհին են։ 

Տեղեկացանք, որ սա նոր բան չէ, դեռ Սերժ Սարգսյանի օրոք ՊՆ-ում քննարկված գաղափար է, որը հիմա են փորձում կյանքի կոչել։ Ինչո՞ւ հիմա։ Արթուր Աղաբեկյանը չի կարող ասել, բայց չի կարծում, որ պատճառն այն է, որ պատերազմի վտանգը հիմա ավելի մեծ է։ «Ապրիլյանի ժամանակ մենք տեսել ենք հասարակության կարծիքը, լրագրողների։ Իջեւանի դեպքերը։ Բոլորը վկայում են, եւ բոլոր հարցադրումներն այն էին, որ աշխարհազորայինների խնդիրը պետք է կարգավորվի օրենքով»։ Նախկին պաշտոնյաներից մեկն էլ, որը պաշտպանում է գաղափարը, ասաց, որ այս ինստիտուտի ներդրման համար առնվազն 5 տարի կպահանջվի։ Իհարկե, ափսոսում է, որ իրենց կողմից շրջանառության մեջ դրված լավ գաղափարից ներկաները կստեղծեն վատ աշխարհազոր։

©2020 Լուր ԱյսՕր.