Поиск

Այս քվեարկությամբ իշխանությունն ավարտին հասցրեց սահմանադրական հեղաշրջումը, որի հետևանքով ՍԴ-ում ...

Սահմանադրական դատարանում ճգնաժամ սկսվեց մեկուկես ամիս առաջ, որն այսօր թևակոխեց նոր և ավելի գլոբալ փուլ: Այսօրվա քվեարկությամբ գործող իշխանությունն ավարտին հասցրեց սահմանադրական հեղաշրջումը, որի հետևանքով ՍԴ-ում հասունացավ սահմանադրական մեծ ճգնաժամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում կայացած քվեարկությանը, որի արդյունքում ընտրվեցին ՍԴ երեք դատավորներ:


«Այդ ճգնաժամի մասին խոսելիս իշխանությունն անընդհատ նշում էր, թե ժողովուրդն ավելի երջանիկ է ապրելու, երբ Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ: Վերջինս իշխանության՝ սահմանադրական փնթի փոփոխությունների արդյունքում մոտ երկու ամիս է՝ ՍԴ նախագահ չէ, բայց չեմ տեսել գեթ մեկ քաղաքացի, որ դրանից ավելի երջանկանա: Ժողովրդի անվստահությունը շղարշ սարքելն ու դրա տակ անձնային նեղ շահերն առաջ տանելն առնվազն խաբկանք է, որով պարբերաբար կերակրվում է հանրության մի մասը»,-նշեց նա:

Իրավաբանի դիտարկմամբ՝ ՍԴ-ում ձևավորվեց այնպիսի կազմ, որտեղ ձայների հարաբերակցությամբ իշխանության յուրայիններն ավելին են, քան պրոֆեսիանալ դատավորները, որոնք գործել են նաև ՍԴ նախկին կազմում:


«Ձայների հարաբերակցությունը՝ հօգուտ իշխանության, դեռևս չի նշանակում, որ ՍԴ-ն կայացնելու է այնպիսի որոշումներ, որոնք բխելու են բացառապես Սահմանադրության տառի պահպանումից և միտված են լինելու մեր պետության համար դրական որակական փոփոխության: Այս կազմն այնպիսի հարցեր է բերելու օրակարգ, որոնց լուծումները, մեծապես վնասելու են մեր պետությանը, ինչպես նաև հանգեցնելու են քաղաքացիների կյանքի բացասական փոփոխությանը»,- ասաց նա:

Ռոբերտ Հայրապետյանն ընդգծեց՝ երբ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՍԴ-ի՝ ոչ անկախ լինելուց, պարբերաբար շեշտադրում էր այն հանգամանքը, որ ՍԴ-ն իշխանության հետ գտնվում է անմիջական փոխկապակցվածության մեջ: «Իշխանափոխությունից հետո մենք ունենք մի իրավիճակ, երբ ՍԴ-ն առհասարակ աղերս չուներ գործող իշխանության հետ, և Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունից ելնելով՝ պետք է լիներ ամենաանկախ ՍԴ-ն, բայց պարզվեց՝ այս իշխանությանը պետք է ՍԴ, որը ծառայամիտ է ու հնազանդ, և պետք է կապված լինի այս իշխանության հետ»,-ասաց նա՝ ընտրական ամբողջ գործընթացը որակելով խիստ քաղաքական:

«Ես չլսեցի թեկնածուներին ուղղված գեթ մեկ հարց, որը կվերաբերեր այդ թեկնածուների պրոֆեսիոնալիզմին: Պատգամավորներին հուզող հարցերը բացառապես քաղաքական էին: Սա քաղաքական գործընթաց էր, և ընտրվում էր ՍԴ կազմ, որը բաղկացած էր լինելու ոչ թե պրոֆեսիոնալներից, այլ յուրայիններից, որոնք առաջնորդվելու են բացառապես նեղ անձնային և քաղաքական շահերով»,-ասաց նա:

Անդրադառնալով ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանին, որին, ինչպես իշխանական պատգամավորներն են նշում, մեկ անգամ արդեն մերժել էին, և հարցին՝ ի՞նչ փոխվեց մի քանի ամսվա ընթացքում, Հայրապետյանը տեսակետ հայտնեց, թե նախագահը երբեք միանձնյա առաջադրում չի կատարում, քանի որ, ըստ իրավաբանի, օժտված չէ այդ աստիճանի կամային հատկությամբ: «Արթուր Վաղարշյանի երկրորդ առաջադրումը վստահաբար եղել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և գործող իշխանության քաղաքական մեծամասնության անմիջական հովանավորչությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ քվեարկությանը չմասնակցելուն, Հայրապետյանն ասաց, թե այդպիսով ինչ-որ չափով մեղմվում է իրենց վիճակը, քանի որ ցուցաբերում են ձեռնպահություն. «Հանցավոր անգործության մասին չեմ կարող խոսել, որովհետև եթե անգամ դեմ քվեարկեին, երկու խմբակցությունների դեմ ձայներն այնքան չէին լինի, որ դրանով ինչ-որ բան որոշվեր»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր 84, 86 և 85 կողմ ձայներով ՍԴ դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին և Էդգար Շաթիրյանին: