Поиск

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի նախագծում կատարված լրացումներ



Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ վերջին շաբաթների ընթացքում գիտական և մասնագիտական խմբերի, շահագրգիռ լայն շրջանակների, մի շարք գերատեսչությունների և ծրագրի շահառուների հետ իրականացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հանդես գալ ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության իրականացման կարգում լրացումներ կատարելու առաջարկով։

Կարևորելով պետական բացառիկ շահն ու լճի՝ մասնավորապես Գեղարքունիքի տարածաշրջանում սոցիալ- տնտեսական կարևոր գործոն հանդիսանալու հանգամանքը, վերահիշյալ լրացումները նախարար Պետրոսյանի կողմից ներկայացվել են կառավարությանը և հավանության արժանացել։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն․  - Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից տրված եզրակացության արդյունքում այսուհետ արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ - Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս, - Կլուծվի ձկնորսների՝ իրենց բնակավայրերին մոտ տեղամասերի միջոցով լիճ մուտք գործելու խնդիրը։ Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն՝ նախկինում սահմանված 200 տոննա որս իրականացնելու չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։ Այն ձկնորսները, որոնք չեն ցուցաբերել նախաձեռնություն հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան․ - Սեպտեմբերի 3-ից սկսած՝ 10-օրյա ժամկետում, արդյունագործական որս իրականացնելու հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ։

- Դրանց բավարարումից հետո`սահմանված ժամկետում,  պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։

- Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում՝ մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։

- Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը՝ ներառյալ։

Հավելյալ հարցերի դեպքում ձկնորսները կարող են զանգահարել նախարարության համապատասխան ստորաբաժանման թեժ գծին՝

Քաղ․ +374 11 818 581

Բջջ․ +374 77 78 00 76 

հեռախոսահամարներով։

Աղբյուր` Փաստինֆո