Поиск

Գագիկ Ծառուկյանի գրառումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Գևորգ Պետրոսյանի մասին է. Ալեն Սիմոնյան


Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մամուլում եւ այլ տեղերում տեղեկություններ են պտտվում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաեւ երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է  նախարարի պաշտոնը ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը: Հիմա Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձեւավորի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:


Հարցին՝ այսինքն վարչապետի՞ն ուղղված չի եղել, Սիմոնյանը նշեց, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր. «Նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պարունակում է Գագիկ Ծառուկյանին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

©2020 Լուր ԱյսՕր.