Поиск

«Թեժ աշունը կախված է նրանից, թե քաղաքական ուժերը կկարողանա՞ն ինչ-որ ձևաչափով մեղմել ժողովրդի սոցիալ-



Վերջին շրջանում մամուլը հաճախ է գրում, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններն առաջիկայում ակտիվացնելու են ներքաղաքական զարգացումները, ինչը կարող է նախադրյալ հանդիսանալ արտախորհրդարանական ուժերի միավորման համար։

Նման խոսակցություների առիթ է հանդիսացել վերջերս Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, որ առաջիկայում անցկացնելու են մեծ հանրահավաք՝ կապված երկրում տեղի ունեցող իրադարձությունների և տիրող իրավիճակի հետ։ Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությանը հետևեց նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ քաղաքական առումով սպասվելու է թեժ աշուն։


168.amի հետ զրույցում, Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝  ողջունելի է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և  «Հայրենիք» կուսակցության համագործակցությունը, քանի որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի ընդդիմադիր դաշտը շատ թույլ վիճակում է։ Բացի այդ, իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիա չերևա։

«Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է հերյուրանքների, զրպարտությունների և կոմպրոմատների միջոցով ընդդիմադիր դաշտում  ակտիվ քաղաքական ուժերին, բառիս իսկական իմաստով, փչացնել։ Ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմադիր քաղաքական դաշտը մնա չձևավորված։ Նույն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը  հասկանում են, որ երկու տարուց ավելի ժամանակ է անցել թավշյա հեղափոխությունից, բայց իրենց խոստացածի նույնիսկ 5 տոկոսը չեն կատարել։ Պայմանավորված նաև այն հանգամանքով, որ այս կորոնավիրուսի հետևանքով սոցիալ-տնտեսական վիճակը բավական սրվել է, աշնանը հասարակության մեծ մասն ավելի ծանր վիճակի մեջ է հայտնվելու, որովհետև հազարավոր ՀՀ քաղաքացիներ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի, իսկ սա առաջացնելու է շատերի դժգոհությունը։ Իշխանությունները շատ լավ են հասկանում, որ սա իրենց վրա էժան չի նստելու, և գիտեն նաև, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնեն ընդդիմադիրները և պայքարեն դրա դեմ»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա՝ այդ ամենն էլ լավ հասկանալով՝ իշխանությունը հարձակումների է ենթարկում այն ուժերին ու անհատներին, որոնք այս կամ այն կերպ փորձում են հաստատվել ընդդիմադիր դաշտում։

Որպես օրինակ՝ նա բերեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրինակը, որն իշխանություններին քննադատեց ու մեղադրեց իրենց խոստումները չկատարելու համար, օրեր անց նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։ Նույնը եղավ նաև ԱԱԾ նախկին ղեկավարի հետ, որը տարբեր ձևերով ենթարկվում է շանտաժի ու հարձակումների։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունը, բուն խնդիրները լուծելու փոխարեն, իր առաջնորդի գլխավորությամբ՝ փորձում է իրեն պատեպատ տալ և փակել ընդդիմադիրների բերանը։

«Իհարկե, այս պայմաններում ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր դաշտը միավորվեր և համատեղ պայքարեր ստեղծված իրավիճակի դեմ, քանի որ հասարակության մեջ դժգոհությունները խորանում են, իսկ այդ դժգոհությունները  պետք է կարողանալ ուղղորդել։  Նիկոլ Փաշինյանն ընտրել է ընդդիմության դեմ պայքարելու շատ պարզունակ տարբերակ, քանի որ ընդդիմադիր դաշտում լիդերներին ոչնչացնելը, շանտաժելն այդքան էլ օպտիմալ տարբերակ չէ։ Պետք է նաև նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն այս երկու տարիների ընթացքում չկարողացավ ձևավորել իր համար գրպանային ընդդիմություն։ Ինչ-որ ձևաչափով, մինչև ՍԴ-ի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, հասարակությունը «Լուսավոր Հայաստանին» էր դիտարկում խորհրդարանական ընդդիմություն, սակայն վերջինը շատ արագ բացահայտեց, որ ինքը խաղում է ընդդիմության դաշտում։ Սրա վառ օրինակը ՍԴ-ի հետ կապված հարցն էր, որտեղ իրենք կարող էին ընդամենը մեկ պատգամավորով միանային և խնդիրներ ստեղծեին իշխանությունների ապօրինի գործողությունների համար»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական թեժ աշնանը, Գագիկ Համբարյանը նկատեց՝ վերջին ամիսները որոշ ընդդիմադիրների համար քաղաքական առումով թեժ էր, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության համար։

«Այդուհանդերձ, թեժ աշունը կախված է նրանից, թե քաղաքական ուժերը կկարողանա՞ն ինչ-որ ձևաչափով մեղմել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը։ Աստիճանաբար բողոքողների թիվը մեծանում է, իսկ նրանց ուղղորդող է պետք, իսկ ուղղորդողը պետք է լինի ընդդիմադիր դաշտը։ Կարծում եմ՝ այս տեմպերով կարող ենք ակնկալել, որ կլինի թեժ աշուն»,- եզրափակեց նա։

©2020 Լուր ԱյսՕր.