Поиск

Տնտեսական որևէ բարեփոխում չի իրականացվել, գործում է նույն վաշխառուական համակարգը, իսկ վարչապետի....



Անկախության հռչակագրի ընդունումից երեսուն տարի անց էլ չի արժևորվում անկախ պետության կարևորությունը. ժամանակին Գերագույն խորհրդում ներկայացված ուժերն ու գործիչները բուռն բանավիճում էին, բայց իրար չէին վիրավորում, այսօր հակառակն է՝ երիտասարդ քաղաքական գործիչներն անձնական վիրավորանքներ են հասցնում իրար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: «90-ականների սկզբին հայ ժողովուրդն իր ամբողջ ներուժով պայքարում էր թշնամու դեմ, սակայն ներսում սկսեց ձևավորվել մի համակարգ, որը տարված էր հնի վերադարձի երազներով: 1996-ի նախագահական ընտրությունները մեծագույն հարված հասցրին մեր ժողովրդավարությանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կոպիտ սխալ թույլ տվեց, նա պետք է մաքուր ընտրություններ անցկացնելու ավանդույթ ձևավորեր: Այդպես սկիզբ դրվեց ընտրակեղծարարության մեքենային»,- ասել է քաղաքական գործիչը: Ըստ Գաբրիելյանի՝ նոր իշխանությունն սկսեց հին օրենքներով առաջնորդվել, «Նոր Հայաստանը» կառուցել դրանցով. «Տնտեսական որևէ բարեփոխում չի իրականացվել: Վարչապետը հրաշալի մտքեր է արտահայտում, որոնք բոլորը մնում են օդից կախված: Գործում է տնտեսական վաշխառուական համակարգը, որը տասնամյակներով կեղեքել է մեր ժողովրդին, այսօր էլ կեղեքում է: Էկոնոմիկայի գործող նախարարն ունակ չէ տնտեսական հեղափոխության դրույթներ ներկայացնելու: Դեռևս 1990-ականներին պետք էր անցնել ոչ թե վայրի կապիտալիզմի, այլ սոցիալական շուկայական տնտեսության, իսկ 1995-ից սկսած՝ օրենքներն սկսեցին գրվել բացառապես իշխանության համար»: Քաղաքական գործչի կարծիքով՝ Հայաստանը պետք է դառնա հզոր ռազմական պետություն, մեզ վիճակված է տարածաշրջանում ստանալ նախկին դերակատարումը, դա մեր ճակատագիրն է. «Այսօր ասպարեզում կան ուժեր, որոնք ազգայնական դիրքերից են հանդես գալիս: Մեկ-երկու տարում՝ մինչև հաջորդ ընտրությունները, դաշտը կզուլալվի, նրանք կհամախմբվեն: Եթե իշխանությունն իր թերացումները չվերացնի, արագորեն կդառնա փոքրամասնություն և դուրս կգա ասպարեզից, և հաջորդ ընտրություններում ազգայնական ուժերը կկազմեն մեծամասնություն»: «Պետք է հասկանանք՝ ի՞նչ անել, որ Հայաստանը պատրաստ լինի տնտեսական ցնցումների, համաճարակների: Դա չի արվել ու ներկայումս ամենացավոտ հարցն է, այն պետք է սթափեցնի վարչապետին: Կամ, ասենք, ի՞նչ հիմքով փակվեցին Գյուղատնտեսության կամ Մշակույթի նախարարությունները»,- ասել է Գաբրիելյանը: Քաղաքական գործչի պնդմամբ՝ իշխանությունը պետք է առաջին հերթին մտածեր երկրում արդարություն հաստատելու մասին, որ ընչազուրկների ձայնը տեղ հասներ, բայց դա չի արվել: «Պետք է փոխել կամ խստացնել կառավարման համակարգի ձևը: Պարգևավճարների համատարած բաժանումը կոպիտ սխալ է, այն պետք է տրվի միայն արժանավորներին: Ինչո՞ւ պետք է ուսուցիչը պարգևավճար չստանա»,- ամփոփել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորը:



©2020 Լուր ԱյսՕր.