Поиск

ՓԱՇԻՆՅԱՆ-ԾԱՌՈՒԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՓՈՒԼ


Քաղաքական պայքարը Հայաստանում վաղուց դադարել է քաղաքական լինելուց, այն իջել է միջանձնային հարաբերությունների մակարդակ, այն էլ՝ ամենացածր միջանձնային հարաբերությունների, որտեղ ոչ մի արգելակ, ոչ մի անթույլատրելի բան չկա։ Բայց եթե երկու տարբեր կուսակցությունների նախագահներ, դիցուք, կարող են իրար վիրավորել, անգամ իրար քաշքշել, ասենք, վեճի ժամանակ, ապա պետության ղեկավարին դա ոչ միայն սազական չէ, այլեւ ամոթալի ու տգեղ պահվածք է։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտեց բարեկրթության վերջին սահմանը եւ Գագիկ Ծառուկյանին ուղղված գրառում կատարեց իր ֆեւյսբուքյան էջում։ Նա գրել է․


«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Խոսքը, հասկանալի է, վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը դեռեւս սովետական տարիներին դատապարտվել էր սեքսուալ բռնի գործողությունների համար, ապա անկախ Հայաստանի դատարանի կողմից արդարացվել։ Թե ինչ է տեղի ունեցել հեռավոր 80-ականներին դժվար է ասել, սակայն սովետական դատավճիռները երբեք հավատ չեն ներշնչել։ Գուցե հավատ չեն ներշնչում նաեւ անկախ Հայաստանի արդարացման դատավճիռները, բայց պետության ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ նման լեքսիկոնով, այն էլ արդարացման դատավճռի գոյության պարագայում, որն, ի դեպ տարիներ առաջ կայացրել է իր ՀՔԾ պետի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, նման արտահայտություններ տարածել քաղաքական ընդդիմության հասցեին։ Ուստի բնական էր, որ արձագանքը չուշացավ։ Րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց վարչապետի անհավասարակշիռ գրառմանը։ «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Եւ զավեշտալին այն է, որ այս մեթոդներով վարչապետը փորձում է պաշտպանել կրթական ռեֆորմները եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ ինքը անուղղակիորեն քարոզում է անկիրթ պահվածք, քաղաքական հակառակորդների դեմ անթույլատրելի գործելաոճ, ատելություն, չարություն, անհանդուրժողականություն։