Поиск

Վանաձորի համալսարանի ռեկտորը պարզաբանում է՝ ինչու են աշխատակիցներին առաջարկել համաձայնագիր ստորագրել


«Հայկական ժամանակ»-ը նախօրեին անդրադարձել էր Վանաձորի պետական համալսարանի դասախոսներից ոմանց բարձրաձայնած խնդրին, ըստ որի՝ իրենց առաջարկվել է 2 համաձայնագիր կնքել, որոնցից մեկով կպարտավորվեն բազմաթիվ անձնական տվյալներ համարվող տեղեկություններ տրամադրել համալսարանին, ասենք, օրինակ, վարկերի, հարկերի, ալիմենտների եւ այլնի մասին, իսկ մյուսով պարտավորություն կստանձնեն երրորդ անձին տեղեկություններ չհայտնել իրենց գործառութային պարտականությունների վերաբերյալ: 

Մեզ հետ զրույցում ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ է մասնավորապես առաջին համաձայնագիրը, որտեղ եւ ինչ նպատակով են օգտագործվելու հավաքված տվյալները:

«Գոյություն ունի 2015թ.-ի մայիսի 18-ին հաստատված անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, որը, եթե վերցնենք եւ ընթերցենք, կտեսնենք, որ կա նաեւ անձնական տվյալների մշակման հարց, եւ ցանկացած գործատու, անկախ կարգավիճակից, պետք է ունենա գրավոր համաձայնագիր, որը թույլ կտա իրեն մշակել իր աշխատողի անձնական տվյալները: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ տվյալների պաշտպանությանը, որ այդ տվյալները չդառնան 3-րդ անձի սեփականություն»,- ասաց Ռուստամ Սահակյանը:

Ռեկտորն ասում է՝ օրենքը 2015թ.-ից գոյություն ունի, բայց քանի որ կիրառելիություն չի ունեցել, դրա համար է զարմանք առաջացրել շատերի մոտ. «Առանց մարդկանց գրավոր համաձայնության որեւէ մեկը իրավունք չունի դրանցով զբաղվել: Ես հանդիպել եմ աշխատակիցների հետ, ավելի մանրամասն բացատրել, իրենց թվացել է, թե մենք պահանջում ենք, բայց սա ընդամենը համաձայնագիր է»: Ռեկտորի խոսքով՝ օրական բազմաթիվ գրություններ է ստանում, օրինակ, ԴԱՀԿ-ից, եւ ինքը պարտավոր է որոշակի տվյալներ տրամադրել, որի իրավունքը փաստացի չի ունենա, եթե չլինի աշխատակցի գրավոր համաձայնությունը: Այս համաձայնագրով, ըստ Ռուստամ Սահակյանի, ինքն իրեն է ապահովագրում. «Ես ինձ եմ ապահովագրում: Բուհը, ստանալով այս փաստաթուղթը, ուզում է իրեն ապահովագրի, որպեսզի վաղը աշխատակիցը իրեն չասի, թե ինչ հիմքով ենք իր անձնական տվյալները մշակել ու տրամադրել: Ես հանդիպել եմ աշխատակիցների հետ, որոնք անհամաձայնություն էին հայտնել, մանրամասն քննարկել ենք, որոշում ենք կայացրել վերախմբագրել տեքստը՝ դարձնելով ավելի ընկալելի: Տեքստի մեջից խնդրահարույց «ԱՅԼ» բառ հանվել է, եւ հետո, սա համաձայնագիր է, ոչ թե պայմանագիր»:

Իսկ ինչ է սպասվում այն աշխատակիցներին, որոնք չեն ստորագրել համաձայնագիրը: Բացարձակ ոչ մի բան, վստահեցրեց պարոն Սահակյանը. «Սրանով գործատուն պարզապես ցանկանում է իր աշխատողներից ապահովագրված լինել, իսկ աշխատողին թվում է, թե գործատուին իր տվյալները պետք են»:

Ինչ վերաբերում է 2-րդ համաձայնագրին, ըստ որի՝ աշխատակիցներին արգելվում է 3-րդ անձին իր գործառույթներին վերաբերող որեւէ տեղեկատվություն տրամադրել, ՎՊՀ ռեկտորն ասաց. «Գոյություն ունեն կորպորատիվ էթիկա ու առեւտրային տեղեկատվություն, կոնկրետ տվյալների խումբ կա, որը մտածված կամ ոչ մտածված դուրս հանելը արգելված է: Հարցն այն է, որ եթե աշխատակիցը որոշակի տվյալներ դուրս բերի, ապա դա կբերի որոշակի վնասների՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ՝ իմիջին կվնասի: Մյուս օրինակն այն է, որ ընդունենք անվճար սովորող ուսանող, որը ծնողազուրկ է, եւ նրա հարցն է դրված քննարկման, բոլորը պետք է իմանան, որ կան տվյալներ ու տեղեկություններ, որոնք պարզապես իրավունք չունեն բուհից դուրս հանել»,- ասաց պարոն Սահակյանը՝ հավելելով, որ առաջիկայում կոնկրետ ցանկ կմշակվի, թե որ տվյալներն են ենթակա բուհից դուրս հանելու, որոնք՝ ոչ: