Поиск

Բնապահպանական տեսչությունը գործով պետք է զբաղվի, ոչ թե հանգիստ հետևի, թե ինչպես է երկիրը վերած...


Պետական բնապահպանական գերատեսչությունը գործով պետք է զբաղվի, ոչ թե հանգիստ հետեւի, թե ինչպես է երկիրը վերածվում «խոզանոցի»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրների առկայության պայմաններում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, մի կողմ թողած իր գործառույթները, շարունակում է զբաղվել ոստիկաններին ցուցումներ տալով:

Ըստ լրատվամիջոցների՝ երեկ Կենտրոն վարչական շրջանում տեսչության աշխատակիցները գրանցում եւ ցուցումներ էին տալիս ոստիկանությանը՝ դիմակներ կրելու հետ կապված խախտումների փաստով: Երկրում կառավարչական «բարդակը» հենց այսպես է առաջանում, երբ յուրաքանչյուր գերատեսչություն չի զբաղվում իր գործով:

Պարոնայք անտաղանդներ, եթե չունեք սեփական գաղափարներ կամ փորձ, կարող եք գոնե օրինակ վերցնել չտապալված պետությունների ձեր կոլեգա կառույցներից: Կորոնավիրուսի համավարակի շրջանում չտապալված պետությունների Շրջակա միջավայրի նախարարություններն իրենց վրա էին վերցրել դիմակներն ու ձեռնոցները որպես թափոն շրջակա միջավայրում չտարածելու եւ վարակի երկրորդային աղբյուրները վերացնելու գործառույթը: Իսկ մեր երկրում Շրջակա միջավայրի նախարարությունն իր ստորաբաժանումներով զբաղված էր եւ շարունակում է զբաղվել ամեն ինչով, բացի իր բուն գործառույթներից: Վառ օրինակ՝ նկատած կլինեք, որ փողոցներն ու այգիները ողողված են օգտագործված դիմակներով ու ձեռնոցներով: Սրանով ոչ մեկը չի զբաղվում, ոչ մեկը:

Հ.Գ. Շրջակա միջավայրի նախարարին պետք է հորդորել, որ վիքիպեդիայից քաղհան արած իր գրառումներից հրաժարվի եւ զբաղվի իր բուն գործառույթներով: Չնայած, ի՞նչ կարելի է ակնկալել մի պաշտոնյայից, ով մինչ օրս մեր երկրի բնապահպանական ամենասուր եւ ամենաքննարկվող հարցի՝ Ամուլսարի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել՝ շարունակելով «թիթեռ նկարելու» դիմաց հարկատուից միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգեւավճար ստանալ»: