Поиск

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ


Փաշինյանին այլեւս կարելի է ասել նախկին վարչապետ: Մի շտապեք ծիծաղել, խնդրում եմ: Նա այլեւս մի հասարակ քաղաքացի է, որ բնակվում է կառավարական առանձնատանը, նրան պտտում են կառավարական մեքենաներով, հանգստյան օրերին ցույց տալիս Հայաստանը, թույլ են տալիս վարել կառավարության անիմաստ նիստերը, չեն խանգարում Ֆեյսբուքում «լռճկվել»… Կասեի՝ իսկական պողոս, եթե շատ մեծ ակնածանք չունենայի մեր հրաշալի հասարակության հոգու նուրբ թելերի հանդեպ: Բայց ուրիշ ի՞նչ կարող ես ասել մի ղեկավարի, որին թույլ չեն տալիս խառնվել երկրի արտաքին քաղաքականությանը: Լրջացա՞ք արդեն…


Տնտեսական հարցերում՝ լրիվ «դում-դում»: Այդպիսի վարչապետ կլինի՞: Մաքսատներում «բարդակ» է, հարկայինը մոլեգնում է, մանր ու միջին տնտեսվարողներից ընդհանրապես լուր չկա, արտադրական հզորությունները «իքիբիր» վիճակում են, թոշակառուն պիտի երկու տուփ սիգարետ քիչ չծխի, մեկ շիշ օղի, կարելի է նաեւ երկու, քիչ խմի եւ խնայած փողը մուտք անի բյուջե, որպեսզի Փաշինյանը կարողանա պարգեւավճարներ բաժանել իր պաշտոնյաներին: Հակառակ պարագայում վարչապետի դեմ բունտ կանեն հենց պաշտոնյաները՝ պատգամավորներ, նախարարներ, վարչապետի աշխատակազմ, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլն, եւ այլն: Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ավելի շատ իր թիմակիցների բունտից է վախենում այսօր, քան ամենաթունդ ընդդիմությունից: Եվ արդյոք այդ վախի հետեւանքը չէ՞, որ ՀՀ քաղաքացուն տուգանելու, նրանից փող պլոկելու ոչ մի առիթ բաց չեն թողնում: Պարգեւավճարների փողը կատաստրոֆիկ չի բավականացնում: Նոր բան է մտածել Փաշինյանը՝ 10 եւ ավելի բարձր տարիքի ավտոմեքենաները տեխզննում են անցնելու տարին 2 անգամ: Այսինքն՝ մեկի փոխարեն երկու անգամ ենք մուծվելու կառավարությանը: Էն կիսամարզպետ-կիսանախարար, հազար ներողություն, «Պուպուլիկ» մականունով Ռոմանոսն էլ անմասն չի մնա դրանից: Կմտնի ավտոմեքենաների խլացուցիչների մեջ՝ ստուգելու կատալիզատորների առկայությունը: Որի կատալիզատորը հանած-ծախած կլինի, կտուգանեն հարյուրավոր դոլարներով: Ըստ էության՝ սա բանդա է, ոչ թե կառավարություն: Կհանգստանան միայն այն ժամանակ, երբ թանկարժեք մետաղներ պարունակող կատալիզատորների բիզնեսը խլեն ու ինքնամենաշնորհեն, ինչպես արեցին Իջեւանի փայտի բիզնեսի հետ:

Իսկ մեր նախկին վարչապետ Փաշինյանը ձեւ է տալիս, որ ոչինչ չի տեսնում: Չի տեսնում, թե ինչպես են փողը խլում քաղաքացուց, ինչպես են այլասերում ժողովրդին՝ նրանից խլելով կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը, առողջապահությունը: Մեր նախկին վարչապետի տանձին էլ չէ, թե ինչպես են երկիրը վերածում կարանտինացված կոնցլագերի: Իրականում ոչ թե արտաքին դրությունը փոխվեց կարանտինի, այլ պարետ Ավինյանին փոխարինեց ղասաբ Թորոսյանը: Փաշինյանը, ըստ էության, այլեւս անելք չունի նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում: Հիշո՞ւմ եք, Ավինյանի վախտ մեկ-մեկ լայվ էր մտնում եւ քիթը քորելով՝ խորհուրդ էր տալիս քիթը չքորել: Անցան էդ ժամանակները: Իրավիճակ է փոխվել, Թորոսյանն է հիմա համակարգելու, իսկ Թորոսյանին հիվանդներ են պետք, շատ հիվանդներ:

Ընդամենը մի հայացք նետեք քաղաքային տրանսպորտին, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Դիմակները ծնոտին՝ պողոսներն ու պողոսուհիներն անվրդով երթեւեկում են իրար գրկած: Ի՞նչ անվտանգ (սեռական) տարածություն, ի՞նչ բան… Հարյուր դրամանոց «Գազելից» հենց նոր իջած եւ տակավին շախմատի ձիու պես ծռված քաղաքացուն ոստիկանն է որսում՝ 10 հազար տուր, դիմակդ ծուռ ա դրված: Այ ցավդ տանեմ, էդ քաղաքացու ի՞նչն ա դուզ, որ հենց դիմակի ծուռը տեսար: Ասենք՝ համավարակն էր ու չկար, ինչո՞վ էիք բյուջե լցնելու: Փաշինյանը եթե գործող վարչապետ լիներ, կթողնե՞ր իր երկրի քաղաքացուն այսպես ստորացներին:

Արտաքին քաղաքականության մասին չէի ցանկանա շատ ծավալվել: Լավ էր՝ էն ինքնաթիռը չգնեցին: Ո՞ւր էր թռչելու, ո՞ւմ հետ էր հանդիպելու: Մի Վրաստանի վարչապետ է մնացել, էն էլ Ֆեյսբուքով-բանով գրվում են, հետաքրքրվում միմյանց շնիկներով: Եվ վերջ: Շատ ավելի հետաքրքիր է, թե ներքաղաքական կյանքում ինչպես է ընկալվում Փաշինյանը, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների ընդամենը 17,2 (մի քանի օր առաջվա տվյալ է) տոկոսը: Ցանկացած քաղաքական ուժ, ազդեցիկ կամ ոչ այնքան, ինձ թվում է, շատ մեծ դժվարությամբ կհամաձայնի համագործակցել լույսի արագությամբ ռեյտինգը կորցնող Փաշինյանի հետ: Դասականը կասեր՝ համագործակցեն, որ ի՞նչ անեն: Ի վերջո բոլորի համար էլ պարզ է արդեն, որ 2018 թվականին Փաշինյանին տրվել է իշխանության երեւացող եւ փայլուն մասը միայն՝ կառավարության դաչա, կառավարության նիստերի դահլիճ, ԱԺ շենք, պադավատ-մադավատ եւ այլն: Բոլոր պայմաններն ստեղծվել էին, որ ոչ միայն պողոսները հավատային թավշյա հեղափոխությանը, այլեւ երրորդ երկրներ հեղափոխություն արտահանող քեռիները: Մենք, փաստորեն, նրանցից մեկ քայլ առաջ հեղափոխություն արեցինք՝ գունավոր ու թավշյա, թույլ չտալով, որ մեր երկրում խաղարկվեն ուկրաինական եւ բելառուսական սցենարներ: Տասնյակ տարիներով ձեւավորված իշխող համակարգը Հայաստանում մնաց նույնը, իսկ Փաշինյանը, որին տրվել էր իշխանության թույլատրելի մասը, կարճ ժամանակ անց կորցրեց իր ակտուալությունը եւ դարձավ միանգամայն ավելորդ շքեղություն համակարգի համար:

Ե՞րբ կհեռանա Փաշինյանը կամ ինչպե՞ս՝ հաճախ են հարցնում: Իսկ դուք հիշեք, թե երբ եկավ Փաշինյանը եւ ինչպես: Միայն թե չասեք՝ ժողովուրդը նրան բերեց իշխանության: Նա եկավ անսպասելի, երբ նրան ոչ ոք չէր սպասում, եւ եկավ այնպես, ինչպես ոչ ոք չէր եկել մինչ այդ: Հետեւաբար, Փաշինյանը կհեռանա նույնքան անսպասելի եւ նույնքան տարօրինակ ձեւով, ինչպես եկել է: Նրան ժողովուրդը չի հեռացնի: Նրա գնալու օրը, ժամը, ձեւը կորոշի համակարգը, որի շնորհիվ Փաշինյանն արդեն երկու տարի է՝ «վայ հալի» վարչապետ է աշխատում: