Поиск

«Սաակաշվիլին Վրաստան չի գա, քանի որ վախկոտ է». Վրաստանի վարչապետի խորհրդական


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա գալ Վրաստան, քանի որ վախկոտ է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի տարածաշրջանային հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, գրում է «Грузия Онлайн» կայքը:


Սուբարիի խոսքերով` Սաակաշվիլին սիրում է հեքիաթներ պատմել, սակայն չի կարող Վրաստան գալ, ինչը ինքն էլ արդեն հաստատել է:


«Ես Սաակաշվիլիին ոչ մի տեղ չեմ հրավիրում, նրան հրավիրում են Վրաստանի օրենսդրությունն ու արդար դատի որոշումը: Եվ վերջակետ: Վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա: Ինչ վերաբերում է նրա գալուն, նա ինքն էլ ասաց, որ ոչ մի տեղ չի պատրաստվում գալ: Ես լսել եմ նրան, մի՞թե նա ասաց, թե երբ է պատրաստվում գալ: Սաակաշվիլին չի կարող գալ, քանի որ վախկոտ է, վախկոտ: Ոչ մի տեղ էլ չի կարողանա գալ: Նա վախենում է արդարադատությունից, վրացի ժողովրդից, օդում թռչող ինքնաթիռից, նրա վախը այնքան մեծ է, որ վտանգի տակ է թողնում հյուրին` Ֆրանսիայի արտգործնախարարին, իսկ ինքը կեղտի մեջ է թավալվում: Եվ նա մի ժամանակ ձեր և մեր գլխավոր հրամանատարն է եղել: Հետո հայտնվում ու հեքիաթներ է պատմում, թե ինչպես է թռել ամպերի միջով: Նա սիրում է հեքիաթներ պատմել, սակայն այստեղ գալ չի կարող, նա ինքը հաստատեց, որ չի պատրաստվում ժամանել, քանի որ վախենում է»,-հայտարարել է վարչապետի խորհրդականը:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ընթացքում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն տեղեկացրել է, որ վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում: