Поиск

Խաչատրյան քույրերից կրտսերի անմեղսունակությունը կասկածների տեղիք է տվել



Սեփական դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի մահվան վայր հասած բուժաշխատողները ցուցմունք են տվել ավագ քույրերից առանձին դատվող Մարիա Խաչատրյանի դատավարությանը: Նրանց պատմությունը ստիպել է կասկածի տակ դնել մեղադրյալներից կրտսերի անմեղսունակությունը, գրում է «Московский комсомолец»-ը:

Ըստ ողբերգության վայր ժամանած բժիշկների՝ Մարիա Խաչատրյանը, ի տարբերություն ցնցված Անգելինայի եւ Քրիստինայի, ամենաադեկվատն է եղել եւ նույնիսկ առաջինն է բացատրել կատարվածը: Բուժաշխատողներից Իրինայի խոսքերով՝ լացակումած Մարիան ասել է նրանց, որ երեք աղջիկները քույրեր են, իսկ արյան լճակի մեջ պառկածը իրենց հայրն է:


Ինչպես նշում են գործով տուժողների ներկայացուցիչը, սպանվածի քույրերը եւ նրանցից մեկի ամուսինը` Գեորգի Չուգուաշվիլին, բժիշկների ցուցմունքները վկայում են, որ Մարիային սխալ ախտորոշում են կատարել, նա մեղսունակ է եղել, այդ թվում՝ հանցագործության պահին: Չուգուաշվիլին կարծում է, որ նա փորձել է իրավապահներին սխալ ուղղությամբ տանել՝ պատմելով նրանց ինքնապաշտպանության մասին: Բացի այդ, նա կարծում է, որ եթե աղջիկը հոգեկան շեղումների կամ ոչ ադեկվատության նշաններ ունենար, դեպքի վայր ժամանած բուժաշխատողները կնկատեին դա եւ հոգեբույժների կհրավիրեին, սակայն դրա կարիքը չի եղել։

«Այսօր մենք ստացել ենք հերթական հաստատումը, որ փորձաքննությունը, որը կատարվել է քրեական գործի երկու հատորների հիման վրա, որոնց թիվը ներկայումս քսանից ավելի է, չի դիմանում որեւէ քննադատության»,- ընդգծել է գործով տուժողների ներկայացուցիչը: Ուստի, նրա կարծիքով, պետք է նշանակվի կրկնակի փորձաքննություն: «Քույրերին պետք է դատի նույն դատարանը: Իմ կարծիքով՝ երեքն էլ գիտակցել են, թե ինչ են անում»,- եզրափակել է Գեորգի Չուգուաշվիլին:

Ավելի վաղ փորձագետները խոստովանել էին, որ Խաչատրյան քույրերից կրտսերը՝ Մարիան, հանցանքի պահին անմեղսունակ է եղել, ուստի նրան պատիժ չի սպառնում: Նրա գործը քննվում է ավագ քույրերից առանձին, որոնց դատելու են երդվյալ ատենակալները:

Աղմկահարույց սպանությունը կատարվել էր 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության համաձայն՝ Խաչատրյան երեք քույրերը դանակով սպանել են իրենց հորը՝ Մոսկվայի Ալտուֆեւսկոյե մայրուղու իրենց բնակարանում: Քննությունը պարզել է, որ ծնողը նվաստացրել եւ բռնաբարել է աղջիկներին: Սկզբում Գլխավոր դատախազությունը պահանջում էր վերաորակավորել մեղադրանքը որպես ինքնապաշտպանություն, բայց երկրորդ փորձի ժամանակ հաստատել է մեղադրական եզրակացությունը: