Поиск

Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախի խնդրով բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանին հաշվի առնելու...


Ակնկալել, որ Ղարաբաղի խնդրով բանակցությունները արդյունք կտան, աբսուրդի ժանրից է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։


«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդարացնի իր գոյությունը, եթե հայտարություններով հանդես չգա, չփորձի հանդիպումներ կազմակերպել, ավելորդ կդառնա։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՌԴ խիստ հակասող շահեր ունեն, եռանախագահության իմաստն այն է, որ գտնեն ընդհանուր հայտարար, որից հետո պարտադրեն, համոզեն դա Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին»,-մանրամասնեց նա։

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ բանակացությունների հարթակում 20 տարուց ավել է՝ արդյունք չի գրանցվում։ «3 գերտերությունների շահերը հակադրվում են միմյանց․ ՌԴ-ն ունի կոնկրետ շահ՝ կայսրության վերականգնումը, օգտագործելով եռանախագահության շիրման՝ իր առանձին պլաններն է թելադրում՝ Լավրովյան պլան, Մինսկ․․․ Մյուս երկուսն էլ պարբերբար հիշեցնում են իրենց մասին, որ ամբողջությամբ  չհանձնեն Ղարաբաղյան բանակցությունները ՌԴ-ին։ Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային շահերը, ինչպես նաև ներքին և արտաքին 5-րդ շարասյան շահագրգռությունները։ Քաոտիկ իրավիճակ է»։


Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ կարևորը ոչ թե կողմերի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարություններն են, այլ թե կուլիսներում ինչ են ծրագրում։

«Կարևոր է հասկանալ, թե ինչ ճաշ է եփվում։ Այսպես հարց չի լուծվելու, կամ  պատերազմով է լուծվելու, կամ այսպես սողացող արնաքամությամբ շարունակելու է ընթանալ։ Երբեք հանրությանն ամբողջությամբ ոչինչ չի ասվել և չի էլ ասվելու, թող հանրությունն այդքան միամիտ սպասելիքներ չունենա, երբ որոշողները  համաձայնության գան, դա այնպես կմատուցեն, այնպես կդարձնեն անայլընտրանք լուծում կողմերի համար, ինչպես 2018-ին, երբ ասվեց՝ կամ Նիկոլը կդառնա վարչապետ, կամ Հայաստանն էլ վարչապետ չի ունենա։ Տեխնոլոգիական խնդիրներ են, հետևաբար խոհանոցներում եփվող ճաշը շատ ավելի կարևոր է։

Ապրիլյան պատերազմն էլ նույն տրամաբանության մեջ էր, Լավրովյան ծրագրի համար պետք էր մեծ զոհերով զիջումներ, տվեցինք զոհեր, դիրքեր, բայց վիժեցրեցինք Լավրովյան ծրագիրը»։

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ բոլոր իշխանությունների տրամաբանություն էլ խաղաղ իշխանավարելն է, թեկուզ զիջումների գնով, այօրվա վտանգները բացարձակապես չեն տարբերվում երեկվա վտանգներից, իրավիճակը կարող է շտկվել միայն ինքիշխան լինելու դեպքում։

«Պետք է ստիպենք, որ մեր հետ հաշվի նստեն, այս համակարգով չենք կարող, եթե ՍերԺ Սարգսյանն ինչ-որ բաներ անում, որով նաև իրեն դարձնում էր անհրաժեշտ Մոսկվայի համար, ապա Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ՌԴ-ին քաղաքականության մեջ ամեն ինչ զիջել է, դրա հետևանքով էլ արժանանում է ՌԴ-ի կողմից բացարձակ արհամարանքի։ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախյան բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանին հաշվի առնելու շանսերը գնալով զրոյանում են»,-ասաց նա։

Ալբերտ Բաղդասարյանն ընդգծեց, որ չպետք է թույլ տանք, որ մեզ փորձեն «պարացնել» զիջումներ կորզելու համար․ «Խաղերի մեջ կարևոր է հարցի պատասխանը, թե մենք հայկական շահերը ապահովող նպաստավոր ինչ գործողություններ ենք արել և անում»։