Поиск

«Ձեր թվարկած բոլորին ես, արդեն 20 տարի է՝ հանդիպում եմ ամենատարբեր մայրաքաղաքներում». Խառատյանի ...


Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը «գաղտնազերծել» է ՀՀ-ի և Ադրբեջանի  ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների փաստը: Մասնավորապես, հոդվածում խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ,- Մ.Պ) միջև գաղտնի բանակցությունների մասին: Հայաստանի բանագնացի դերում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է: Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէ:


Ինքը` Արսեն Խառատյանը, ֆեյսբուքյան իր էջում արդեն «հերքել» է գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:


«Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ: Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել: Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած Ալ-Ջազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ, այդ օրը շատ հեռու չէ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ի դեպ, Արսեն Խառատյանն իր պատասխանում պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին է խոսում, մինչդեռ ադրբեջանական հոդվածում նշվում է, որ էմիսարությունը եղել է նրա պաշտոնանկությունից հետո:

Ըստ այդմ՝ Խառատյանի ֆեյսբուքյան «հերքման» տակ փորձեցի ճշտող հարց ուղղել՝ խոսքը պաշտոնանկությունից հետո հնարավոր հանդիպման մասին է՝ Թբիլիսիում առաջարկված, ինչին ի պատասխան՝ Խառատյանն արձագանքեց՝ «պաշտոնանկությունից հետո ևս ադրբեջանցի որևէ պաշտոնյայի հետ նման հանդիպում չի եղել»:

Մեկ այլ օգտատեր նրա այդ գրառման տակ հարցրեց՝ պաշտոնանկությունից հետո որպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ՝ երբևէ որևէ մեկի հետ Արցախի հարցով շփումներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, և  կարևոր չէ, թե այդ մարդն ինչ ազգության է եղել, կարևորը՝ Արցախի հարցով որևէ մեկի հետ բանակցե՞լ եք:

Այս հարցադրմանն էլ ի պատասխան՝ Արսեն Խառատյանը նշեց.

«Պաշտոնավարումիցս առաջ և հետո վերջին 20 տարվա ընթացքում, որպես կոնֆլիկտաբան կազմակերպել և մասնակցել եմ արցախյան կարգավորմանը վերաբերող 100-ից ավելի հանդիպման, համաժողովի, սեմինարի, գիտաժողովի և այլն: Խոսել և հիմա էլ խոսում եմ ամենատարբեր ազգային պատկանելիություն ունեցող դիվանագետների, փորձագետների ու գիտնականների հետ: Ինչպես արդեն ասել եմ՝ այս ամենի ընթացքում երբևէ չեմ եղել և հիմա էլ չեմ հանդիսանում պաշտոնական Երևանի, կամ առավել ևս` ՀՀ Վարչապետի ներկայացուցիչը»:

Ֆեյսբուքում նույն այդ հարցուպատասխանի ներքո իմ լրացնող դիտարկմանը՝  «Ձեր ասածից կարելի է ենթադրել՝ որպես կոնֆլիկտաբան, ադրբեջանցի դիվանագետի, փորձագետի, գիտնականի, ոչ պաշտոնյայի հետ Արցախի կոնֆլիկտի հարցով, ամեն դեպքում,  հանդիպած կլինեք, այսինքն, դա միանգամայն հնարավոր է», ինչին Խառատյանն արձագանքեց. «Ավելին ասեմ՝ ձեր թվարկած բոլորին ես արդեն 20 տարի է՝ հանդիպում եմ ամենատարբեր մայրաքաղաքներում»:

Մեր մյուս հարցին էլ՝ վերջին շրջանում նման հանդիպում եղե՞լ է, ի պատասխան՝ Խառատյանը նշեց, թե արդեն բավարար նյութ է տվել հոդվածի համար:

Այս գրառման հարցուպատասխանի մասնակից օգտատերերի դիտողությանը, որ հերքում է այն, ինչի մասին չի խոսվում ադրբեջանական հոդվածում, ինչից  փաստացի ստացվում է՝ «իրականում, այնուամենայնիվ, հանդիպումներ ունեցել է ազերիների ներկայացուցիչների հետ», Խառատյանը հակադարձեց. «Իմ ընկալմամբ, էս ողջ խոսակցությունն Ալիևի օրակարգն է, որին սպասարկելու ցանկություն ո՛չ ես, ո՛չ դուք հաստատ չունենք: Իսկ իմ բոլոր հանդիպումների ու խոսակցությունների մասին մասին մեր պետության առանցքային կառույցները տեղյակ են,և եղել են միշտ»:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168.am-ի հետ զրույցում  ադրբեջանական բացահայտումների և դրանց՝ Արսեն Խառատյանի հերքման արժանահավատության առնչությամբ նշեց.

«Ադրբեջանական աղբյուրների արժանահավատությունը միշտ և ցանկացած պարագայում է խիստ կասկածելի, սակայն, հայկական կողմի հերքումները պետք է լինեն հստակ և տարակարծության տեղիք չտվող, որպեսզի էլ ավելի շատ հարցեր և կասկածներ չառաջանան հանրության մոտ։ Իսկ այս պահի դրությամբ Արսեն Խառատյանը փաստացի չհերքեց իր կոնտակտներն ադրբեջանական կողմի հետ պաշտոնը լքելուց հետո, ինչի մասին հենց գրում էր haqqin.az-ը։ Այստեղ հստակեցման կարիք կա՝ վերջիվերջո, հանդիպումներ եղե՞լ են, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ հարցերի շուրջ»:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ շեշտեց, որ ադրբեջանական ցանկացած աղբյուրի վերաբերյալ մեր մոտեցումը պիտի անվստահությամբ լինի, քանի որ Ադրբեջանում մամուլը խստորեն վերահսկվում է իշխանության կողմից:

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանում մամուլն առնվազն վերջին 10 տարում օգտագործվում է քարոզչական նպատակներով Հայաստանի դեմ: Եվ գրեթե ցանկացած ադրբեջանական լրատվամիջոց այս կամ այն կերպ ներգրավված է ՀՀ-ի դեմ տեղեկատվական պատերազմում: Եվ մեր կարծիքը, վերաբերմունքն իրենց տված տեղեկություններին պետք է ձևավորենք՝ այս հանգամանքը հաշվի առնելով, որ սա հակառակորդի կողմից  տեղեկատվական գործողություններ են: Երկրորդ՝ ադրբեջանական քարոզչական հարթակի այս հրապարակումը, ռուսերեն ասած՝ «вброс»-ը՝ թե Նիկոլ Փաշինյանն իբր էմիսարներ է ուղարկել գաղտնի բանակցություններ վարելու ադրբեջանցիների հետ, այո, ըստ էության, տեղեկատվական աջակցություն է Ալիևի 2-3 օր առաջ արված այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մեսիջներ էր ուղարկել ադրբեջանցիներին 2018-ին: Եվ պարզ է, որ դա մեկ քարոզչական գործողության մաս է՝ թե՛ Ալիևի հայտարարությունը, թե՛ իրեն հլու-հնազանդ, լրիվ ենթակա քարոզչական հարթակի հրապարակումը»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը:

Միաժամանակ, Կ. Վրթանեսյանը խնդիր է տեսնում ադրբեջանական հոդվածում որպես էմիսար հիշատակված Արսեն Խառատյանի հերքման մեջ, քանի որ վարչապետի նախկին խորհրդականը, ըստ էության, հերքում է լրիվ այլ բան:

«Այսինքն, այն, ինչ գրված է ադրբեջանական նյութում՝ նա չի հերքում: Ավելին, այդ նույն հերքում-գրառման տակ իր մեկնաբանություններն ավելի շատ կասկածի տեղիք են տալիս: Մեծ հաշվով, ճիշտ կլիներ ընդհանրապես չմեկնաբանել ադրբեջանական տեղեկատվական «արտանետումները», կամ դա անել ինչ-որ փորձագիտական մակարդակում: Բայց եթե նա չի հերքում կոնկրետ նշված փաստերը, ավելին, գրառման տակի մեկնաբանություններում, երբ լրացուցիչ հարցեր են տալիս, նա իր պատասխաններով ավելի է խճճում, ես խնդիր եմ տեսնում:  Կարծում եմ և համոզված եմ,  որ իշխանությունները պետք է հստակ և հասկանալի պարզաբանումներ տան մեր հանրությանն այս հարցի շուրջ»,- ընդգծեց Վրթանեսյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը համակարծիք է՝ ՀՀ ներքին անցուդարձին վերաբերող յուրաքանչյուր հոդված, որը կարող է վնասել ՀՀ անվտանգությանը, մենք ի սկզբանե պետք է դիտարկենք՝ որպես ապատեղեկատվություն, խեղաթյուրված ինֆորմացիա, և անվստահություն հայտնենք:

«Տեղեկատվական անվտանգության առումով թշնամի պետության կողմից ներքին դաշտ ուղարկված որևէ տեղեկատվություն պետք է չընդունվի, անվստահելի համարվի: Բայց Խառատյանի հերքումն ամեն ինչ անում է, որ շատերի մոտ հարցեր առաջանան, որոնք նաև ինչ-որ չափով արժանահավատություն են տալիս այդ ինֆորմացիային, որն ադրբեջանական աղբյուրներում տեղ է գտել: Այսինքն, եթե Արսեն Խառատյանը չհերքեր, շատ ավելի լավ կլիներ, քան նման հերքում տար, հարցեր առաջացներ և նոր շունչ հաղորդեր ադրբեջանական ապատեղեկատվությանը: Խոսքը գնում է պաշտոնանկությունից հետո գործունեությանը, մինչդեռ Խառատյանը հերքում է, թե ՀՀ վարչապետի խորհրդական եղած կարճ ժամանակահատվածում որևէ հանդիպում չի ունեցել, մինչդեռ ադրբեջանցիները, կրկնում եմ, նման բան չեն ասել: Երկրորդ՝ ուսումնասիրելով մեկնաբանությունները, նա շատ անհասկանալի բաներ է ասում. չի հերքում, որ ադրբեջանցիների հետ ընդհանրապես չի հանդիպել: Կամ՝ ասում է, որ պաշտոնյաների հետ չի հանդիպել, բայց գիտենք, որ տարբեր տիպի կոնտակտներն արվում են այն մարդկանց կողմից, որոնք պաշտոնյա չեն, բայց պաշտոնյամերձ են և ինչ-որ մեսիջներ կարող են փոխանցել:

Օրինակ,  մենք կարող ենք տեսնել ՄԽ ֆորմատը Ուկրաինա-ՌԴ ձևաչափով, և այնտեղ կարող ենք տեսնել, որ Ուկրաինայի կողմից պաշտոնյա չկա՝ նախկին պաշտոնյաներ են, կամ հասարակական մարդիկ, որոնք, այսպես թե այնպես, իրենց կարծիքը հասցնում են ուկրաինական պետական կառույցներին: Կրկնում եմ՝ Արսեն Խառատյանը չի հերքում առհասարակ ադրբեջանցիների հետ հանդիպելու փաստը, ինձ հետաքրքիր էր նաև, որ նա կոնֆլիկտաբան է: Եթե նա կոնֆլիկտաբան է, արդյոք որպես կոնֆլիկտաբա՞ն էր վերջերս հանդիպել Լիբանանում Արամ Առաջինին: Իմ կարծիքով՝ փաշինյանական իշխանությունը պետք է մանրամասն մեկնաբանի Արսեն Խառատյանի՝ իշխանությունում հայտնվելու ժամանակ և դրանից դուրս հետագա գործունեությունը, թե ինչքանով է նա անկախ դա անում, կամ որքանով է այդ գործունեության հետ համընկնում ՀՀ արտաքին քաղաքականությունը, որովհետև բազմաթիվ հարցեր են առաջացել»,- եզրափակեց փորձագետը:

Նշենք, որ 168.am-ը փորձել է կապ հաստատել ՀՀ վարչապետի և ԱԳՆ մամուլի խոսնակների հետ՝ Մանե Գևորգյանի և Աննա Նաղդալյանի: Առաջինի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել, ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, թե Արսեն Խառատյանը հերքել է ադրբեջանական տեղեկատվությունը, այնինչ Խառատյանի պատասխանը չի կարող լինել պաշտոնական պատասխան: Մենք պաշտոնական պարզաբանում խնդրեցինք և սպասում ենք, որ ավելի ուշ այն կստանանք:

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ հուլիսյան  մարտական  գործողությունների օրերին Արսեն Խառատյանը մեկնել էր Տավուշ, եղել սահմանամերձ գյուղերում, խոսել տեղի բնակիչների հետ: Հետաքրքիր է՝ որպես կոնֆլիկտաբա՞ն էր մեկնել, թե՞ որպես  «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր, այն դեպքում, երբ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չէր տրվում այդ օրերին ինքնուրույն տեղաշարժվել: