Поиск

Արթուր Ղազինյանի դիմումն ընդդեմ պարետ Տիգրան Ավինյանի դատարանը վերադարձրել է


Վարչական դատարանը վերադարձրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի դիմումն ընդդեմ պարետ Տիգրան Ավինյանի որոշման։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը օգոստոսի 27-ին դիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ու ոչ իրավաչափ ճանաչել բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր լինելու որոշումը, որն ամրագրվել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի՝ 2020թվականի հունիսի 3-ի թիվ 110-Ն որոշման 6-րդ կետով։

Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, սեպտեմբերի 2-ին որոշել է դիմումը վերադարձնել դիմումատուին՝ ամրագրելով, որ դիմումատուից պահանջվում է դիմումին կից ներկայացնել այն անհատական ակտը /պատճենը/, որով ՀՀ պարետի Թիվ 110-Ն որոշման /Թիվ 110-Ն որոշմամբ վերախմբագրված՝ Թիվ 63 որոշման/ վիճարկվող դրույթը կիրառվել է դիմումատուի նկատմամբ: Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել պահանջը. թիվ 110-Ն որոշման իրավաբանական ուժ չունենալու պայմաններում կարող է ներկայացվել վիճարկվող նորմը ոչ իրավաչափ ճանաչելու, այլ ոչ թե անվավեր ճանաչելու պահանջ:

Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, դիմումը կարող է նորից ներկայացվել վարչական դատարան, կամ 5-օրյա ժամկետում դիմումը հետ վերադարձնելու մասին որոշումը բողոքարկել վերաքննիչ վարչական դատարանում։

Աղբյուր` Փաստինֆո