Поиск

Տուգանքներով և սխալ ազդակներով կառավարությունը ավելի և ավելի է խորացնում ֆինանսատնտեսական ճգնաժամը


Անցած շաբաթ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ծավալուն օրենսդրական փաթեթ ընդունեց, որի համաձայն՝ սեպտեմբերի 12-ից 6 ամսով Հայաստանում կարող է հաստատվել կարանտինային վիճակ, ինչի ընթացքում իշխանությունները կունենան անհրաժեշտ բոլոր լծակները հանրության, քաղաքական ուժերի և բիզնեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնել և կարանտինային սահմանափակումները խախտելու համար տուգանքներ նշանակել։ Գործող իշխանությունները, իրենց հախուռն և հատվածական գործելաոճին հավատարիմ, կարանտին սահմանելու փաթեթն ամբողջական փորձաքննության չեն ենթարկել ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Դրա մասին է փաստում այն, որ այս կարևորագույն փաթեթին կից բացակայում են կարգավորման ազդեցության գնահատակները, որոնք թույլ կտային հասկանալ, թե կարանտին սահմանելու դեպքում ի՞նչ տնտեսական, սոցիալական, բնապահպանական, կոռուպցիոն և այլ ռիսկեր կարող են ի հայտ գալ։ Նույնիսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն է հայտարարել, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ժամանակի սղությամբ՝ Նախագծերի այս փաթեթը ամբողջությամբ չի ուսումնասիրել, ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Օրենքների պահանջներին Նախագծերի փաթեթի համապատասխանության վերաբերյալ եզրահանգում չի կարող ներկայացնել: Հետևաբար, պետք է արձանագրել, որ այս փաթեթի տնտեսական հնարավոր հետևանքները գնահատելու համար կառավարությունը անհրաժեշտ տեղեկատվություն չի ներկայացրել հանրությանը։ Ինչևէ, ես կփորձեմ անդրադառնալ տնտեսական հնարավոր հետևանքներին․

Նախ նշեմ, որ «կարանտին» (լատիներեն՝ քառասուն օր) բառը ինքնին բացասական ազդակ է փոխանցում բիզնեսին և հանրությանը։ Այս բառի հանրային ընկալման առումով պատմական մի փաստ հիշեցնեմ. 1915-1923 թվականների ընթացքում Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայության մի մասը իր հանգրվանն էր գտել Բեյրույթի շրջաններից մեկում, որտեղ սահմանվել էր կարանտինային գոտի, և մեկ դարուց ավելի է՝ լիբանանցիները քաղաքի այդ շրջանի կոչում են «Կարանտինա»։ Իսկ ինչ վերաբերվում է կարանտինի տնտեսական հետևանքներին, ապա.

Առաջին. մեծ է հավանականությունը, որ առնվազն վեց ամիս կսառեցվեն հատկապես օտարերկրյա ներդրումները, ինչի արդյունքում՝ նաև տարեվերջին կշարունակվի անկում գրանցել Հայաստանի տնտեսությունը։ Բացի այդ, օտարերկրյա ավիափոխադրողները չեն շտապի վերականգնել իրենց թռիչքների ուղղությունները և հաճախականությունը․ մոտակա ժամանակներս չպետք է ակնկալել այս ոլորտից պետական բյուջեի հոսքերի վերականգնում։ Բանկերն էլ իրենց հերթին ռիսկերը նվազեցնելու համար կշարունակեն բարձրացնել վարկային տոկոսադրույքները և/կամ կհրաժարվեն տնտեսության վարկավորումից, վերավարկավորումից կամ վարկային արձակուրդ տրամադրել։

երկրորդ․ ընդունված օրենսդրական փաթեթից պարզ է դառնում, որ կապված կորոնավարակի տարածման աստիճանից, իշխանությունները հնարավոր է կարանտի ընթացքում սահմանափակեն տնտեսական գործունեության առանձին տեսակներ և սահմանափակումները առաջին անգամ խախտելու դեպքում բիզնեսներին կնախազգուշացնեն կամ կտուգանեն 100․000 ՀՀ դրամից մինչև 300․000։ Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում կառաջացնի տուգանք 150․000 ՀՀ դրամից մինչև 500․000։ Առնվազն տարօրինակ է, որ բիզնեսի դեպքում քաղաքական մեծամասնությունը տուգանք նշանակող մարմինների համար նման լայն, հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորություն է տվել՝ առաջացնելով լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Ստացվում է, որ պաշտոնատար անձը կարող է խախտման արձանագրելու ժամանակ բիզնեսին նախազգուշացնելուց մինչև 500․000 ՀՀ դրամ տուգանք նշանակել․ օրենքում չկա ոչ մի դրույթ, թե ինչը հաշվի առնելով է տուգանքի չափը աճելու կամ նվազելու։ Ներկայումս աջուձախ տուգանքներ նշանակող պաշտոնատար անձինք (ոստիկանությունը, համայնքային աշխատակիցները և այլն) չունեն բավարար վստահելիություն և կարողություն նման վարչարարություն արդյունավետ իրականացնելու համար։

երրորդ․ օրենդրական փաթեթի մեջ ներառվել են նաև դրույթներ կարանտինի պայմաններում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով վարչական դատարանում բողոքարկման հնարավորություն: Ներկայիս վարչական դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում ի վիճակի չեն լինի արդյունավետ քննել այս տուգանքների մասին որոշումները կամ դա իրականացվելու է ի հաշվի մյուս վարչական գործերի հետաձգումների։

չորրորդ․ կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 50․000 ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ դպրոցի տնօրենը, ով պատասխանատու է իր աշխատողների առողջության և անվտանգության պահպանության համար, ստացիոնար ուսուցման ժամանակ կարանտինային պայմանների խախտումների համար կարող է ազատվել աշխատանքից և միաժամանակ տուգանվել։

 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո