Поиск

ԶԻՆՎՈՐԻՑ ՀԱՑ ԳՈՂԱՑՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ.


Դեռևս ապրիլի սկզբին 168.am-ը գրել էր, որ Երևանի աղբահանությունն իրականացնող լիբանանյան «Սանիթեք» ընկերության գործունեության անփառունակ կասեցումից հետո մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկն ըստ էության հարկեր չի վճարում, և դա՝ այն դեպքում, երբ նոր իշխանությունները «Սանիթեք» ընկերությանն էին մեղադրում  հարկեր չվճարելու ու նախկին իշխանությունների հետ հանցավոր համագործակցության գալու համար:


168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց 1 հասցեում տեղակայված «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» պետական կառավարչական հիմնարկին: Արգիշտի փողոց 1-ը Երևանի քաղաքապետարանի հասցեն է:

Փաստաթուղթը ծանուցագիր էր, որով ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4083752 դրամը՝ ապառք, իսկ 12251 դրամը՝ տույժ:

Դա՝ մարտի 24-ի դրությամբ: Հիմա, բնականաբար, վճարվելիք գումարն անգամներով ավելացած կլինի:

Մենք խոստացել էինք, որ կհետևենք իրադարձությունների ընթացքին, հատկապես որ, մեր տեղեկություններով՝ ավելի վաղ ՊԵԿ-ը Քաղաքապետարանից պահանջել էր նաև ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տվյալներ, որի վճարումից համայնքային հիմնարկն ազատված է, սակայն պարտավոր է ՊԵԿ-ին ամեն դեպքում հաշվարկ ներկայացնել:

Ըստ էության քաղաքապետարանը չի կատարել իր մեկ այլ պարտավորություն ևս՝ հրաժարվել է տրամադրել ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տեղեկատվությունը։

Բանն այն է, որ բազմաթիվ համայնքապատկան ՓԲԸ-ների և ՀՈԱԿ-ների շարքում քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակազմն աղբահանության նոր հիմնարկի համար որոշել էր ընտրել «համայնքային հիմնարկ» իրավակազմակերպական ձևը՝ ենթադրելով, որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել ԱԱՀ հաշվարկումից և վճարումից, քանի որ, ըստ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետի՝ ԱԱՀ-ից ազատվում է պետական կառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի վճարում։

Բանն այն է, որ լիազոր մարմին Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրելով օրենսգրքի այդ դրույթը, գտել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը չի կարող օգտվել այդ արտոնությունից, քանի որ այն թեպետ անունով «համայնքային հիմնարկ» է, սակայն էությամբ պետական կառավարման մարմին չէ։