Поиск

Այս կարգավորումը Հայաստանում գործող ԶԼՄ-ների գոյությանը սպառնալիք է․ Շ. Դոյդոյանը՝ ԱԺ փոխխոսնակի...



Այս նախագիծը ոչ միայն արդյունավետ միջոց  չէ զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի համար, այլև հակառակը՝ այն ավելի մեծ հնարավորություն է տալու ֆեյքերի զարգացման համար, որովհետև ավելի շատ մարդիկեն իրենց ասելիքը հայտնելու իրենց ոչ իրական դեմքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով  Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը ավելացնել, վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

«Կեղծանուն են վերցնելու, դե գնացեք ու գտեք սոցիալական ցանցերով  վիրավորանք և զրպարտություն տարածող ֆեյքերին։ Մյուս կողմից սա հարվածելու է բարեխիղճ գործող լրատվամիջոցներին, որտեղ մի տեղեկություն հրապարակելու համար շատ ավելի ռեսուրսներ, ջանքեր են գործադրելու, որպեսզի ամեն հնարավոր մեխանիզմ գործադրեն և  կանխեն որևէ վիրավորանք կամ զրպարտություն որակող արտահայտություն»,- ասաց նա։

Տիկին Դոյդոյանը հղում է անում Մարդու իրավունքների եպրոպական դատարանի այն որոշումներին, որոնցում ասվում է, որ փոխհատուցման գումարը չպետք է այնքան բարձր լինի, որ սպառնա լրատվամիջոցների  գործունեությանը։

«Անխոս, այս կարգավորումը Հայաստանում գործող ԶԼՄ-ների գոյությանը սպառնալիք է և եթե դատարանները առավելագույն չափով բավարարեն փոխհատուցման գումարները, լրատվամիջոցները պարզապես կկանգնեն փակման վտանգի առջև»,- ասաց նա։

Մյուս կողմիից էլ տիկին Դոյդոյանն ընդունում է, որ խնդիր կա, վիրավորանքն ու զրպարտանքը մեծ ծավալների են հասել։

«Բայց ոչ այնքան ավանդական լրատվամիջոցներում, որքան սոցիալական ցանցերում, և ոչ այնքան լրագրողների կողմից, որքան առանձին անհատների կողմից, որոնք առանձնապես իրենց անուն, ազգանունով հանդես չեն գալիս, այլ՝ կեղծանվամբ»,- նկատում է նա։

Առհասարակ, ըստ տիկին Դոյդոյանի՝ պատժիչ մեխանիզմները կարճաժամկետ ազդեցություն են ունենում։ Նա Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը համեմատում է  վիրահատական միջամտություն հետ, սակայն շեշտում է, որ այն հիվանդին երբեք չի առողջացնելու։ 

«Այո,  եթե ընդունենք, որ դաշտում հիվանդություն կա՝ զրպարտությունը, վիրավորանքը, ապատեղեկատվությունը, որոնք մեծ չափերի են հասել, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի դրանց ծավալները նվազեցնենք։ Ես սա համեմատում եմ հիվանդության հետ և  հիվանդության բուժումը նման կոշտ ու  կոպիտ միջամտություններով երբեք արդյունավետ չի լինում, պետք է հանգիստ, երկարաժամկետ, բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները գործադրելու ճանապարհով հասնել արդյունքին»,- ասաց նա։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը մի քանի միջոց է առաջարկում։

«Առաջինը՝ լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության, ֆինանսական հաշվետվողականության բարձրացման ճանապարհով գնալն է։ Լրատվամիջոցները պետք է առավել բաց, անկեղծ ու պատասխանատու լինեն իրենց ընթերցողի առաջ, որպեսզի ընթերցողը հասկանա և ընտրություն կատարի, թե որ լրատվամիջոցի կամ որ քաղաքացի-լրագրողի կոնտենտն է սպառելու։ Երկրորդը՝ արտադատարական մեխանիզմների հզորացումը և նրանց հանրայնացումն է,  որպեսզի քաղաքական գործիչները շտապեն դիմել ոչ այնքան դատական համակարգի աջակցությանը, որքան արտադարական մարմինների աջակցությանը։ Դրանք Հայաստանում կան, և հաջողությամբ են գործում։ Առաջինը էթիկայի դիտորդ մարմինն է, որը տալիս է տեղեկատվական վեճերի էթիկական գնահատականը, երկրորդը՝ տեղեկատվական վեճերի խորհուրդն է, որը իրավական գնահատական է  տալիս»,- նշում է տիկին Դոյդոյանը և հավելում, որ այս օրինագիծը անարդյունավետ է լինելու։

«Ոչ մի բանի պիտանի նախագիծ է, իրավիճակը վատթարացնող ու պրոբլեմը խորացնող օրինագիծ, հետևաբար չարժե, որ մենք այսքան ժամանակ ծախսենք սրա քննարկումների վերաբերյալ»,- ընդգծում է նա։

Ժուռնալիստների միությունը օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում էր, որ այն միտված է  սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը։ Հարցին, թե վտանգներ տեսնո՞ւմ եք, որ այն խոսքի ազատությունը կսահմանափակի, Շուշան Դոյդոյանը դրական պատասխանեց։

«Լրատվամիջոցներում ավելի մեծ չափերի կհասնի ինքնագրաքննությունը, և լրատվամիջոցները շատ հաճախ ապօրինությունների մասին ահազանգելուց կսկսեն կշռադատել, մտածել, թե արդյոք իրենք 100 %-ով վստահ են, որ այն, ինչ իրենք հրապարակելու են, ճշմարտություն է։ Այս պրակտիկան կհակասի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  պրակտիկային, որն ասում է՝ լրատվամիջոցների առաջ չպետք է դնել միայն ճշմարտությունը հրապարակելու պահանջ, լրատվամիջոցների առաջ պետք է միայն դնել բարեխիղճ լինելու պահանջ, որպեսզի լրագրողը վստահ լինի, որ բարեխիղճ է գործել և հավաքել է հնարավորինս բոլոր փաստերը, խոսեցրել է տվյալ իրադարձության մեջ ներգրավված բոլոր կողմերին և անաչառ է գտնվել՝ չի պաշտպանել այս կամ այն կողմին։ Ճշմարտությունը հրապարակելու պահանջ դնելը ուղղակի հակասության մեջ է մտնում լրագրողական ազատության հետ»,- նկատում է Շուշան Դոյդոյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահի համոզմամբ՝ քաղաքական  գործիչները պարտավոր են առավել հանդուրժող լինել իրենց հասցեին հնչած քննադատությանը։

«Սա նույնպես ՄԻԵԴ-ի զարգացրած կանոնն է, քանի որ նրանք այսպես, թե այնպես գտնվում են հանրային բեմահարթակում, և մենք չենք խնդրել, որպեսզի նրանք գտնվեն այդտեղ  և հետևաբար հայտնվեն հանրության ուշադրության կենտրոնում, և ուրեմն սա նաև հանրային ուշադրության կենտրոնում գտնվելու կողմնակի ազդեցություն է։ Բնականաբար, նրանք ավելի շատ են ենթարկվում քննադատության, ավելի շատ է նրանց հասցեին հնչում վիրավորանք։ Պետք է շատ ավելի հանդուրժող լինեն, ավելի հանգսիտ լինեն, որովհետև սա իրենց աշխատանքի մի մասն է»,- եզրափակեց Շուշան Դոյդոյանը։

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 7-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտականն հանձնաժողովում լայն քննարկումների առիթ դարձած այս օրինագիծն  առաջին ընթերցմամբ  դրական եզրակացություն ստացավ, սակայն հեղինակի առաջարկությամբ՝ այն ԱԺ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ չի մտնի։